ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ<br /> «ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ<br />


ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ
«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

  • 03-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստում որոշվեց «Դվին Հոլդինգ» ընկերությանը տուգանել 2007թ.-ի հասույթի 2%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 մլն դրամով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար): Ինչպես նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ընկերության նկատմամբ հարուցվել էր վարույթ, որի ընթացքում պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Դվին Հոլդինգ»-ը նպատակաուղղված գործողություններով կիրառել է չհիմնավորված գին` հողօգտագործողներից բացի այլ անձանց իրացվող ազոտական պարարտանյութի իրացման գինը 2008թ.-ի մարտին սահմանելով 111430 դրամ, մինչդեռ դրա իրական գինը 84 հազար դրամ է: Վարույթի ընթացքում ընկերությունը հայտնել է, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն Գյուղնախարարության հետ կնքել է պայմանագիր, ըստ որի պարտավորվել է նախարարության կողմից տրված գյուղերի ցանկին համապատասխան գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին մատակարարել 20 հազար տոննա ամոնիումային սելիտրա` 1 տոննան 84 հազար դրամով (74 հազ. դրամը վճարում են գյուղական արտադրանք արտադրողները, իսկ 10 հազարը` որպես սուբսիդիա, ՀՀ Գյուղնախարարությունը): «Դվին Հոլդինգ»-ի գրության համաձայն, սելիտրա արտադրող գործընկեր վրացական կազմակերպության կողմից զգուշացվել է, որ 2008թ.-ի հունվարի 1-ից արտահանման գինը կտրուկ աճելու է, եւ այդ պատճառով ընկերությունը Գյուղնախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարումը կատարել է մինչեւ 2007թ.-ի դեկտեմբերի 30-ը: Նշենք, որ ընկերությունը 2007թ.-ի նոյեմբերից մինչեւ 2008թ.-ի հունիսի 20-ը ներմուծել է 23985 տոննա ամոնիումային սելիտրա, որից 20 հազ. տոննան իրացվել է ՀՀ Գյուղնախարարության հետ կնքված պայմանագրով, իսկ Գյուղնախարարության ցուցակից դուրս իրացրել է նաեւ 1700 տոննա Արցախում, որից 1000-ի 1 տոննան` 84 հազ. դրամով, իսկ 700 տոննայի 1 տոննան` 110 հազ. դրամով: Մինչդեռ, ըստ «Դվին Հոլդինգ»-ի ներկայացրած նյութերի, հողօգտագործողներին եւ այլ անձանց համար 1 տոննա ազոտական պարարտանյութի իրացման գնի կառուցվածքում ձեռքբերման գինը մարտին նույնն է մնացել: Արդյունքում, պարարտանյութի իրացման գինը մարտին կազմել է 111430 դրամ, փետրվարի նկատմամբ աճելով 11430 դրամով, իսկ հունվարի նկատմամբ` 6430 դրամով, ինչով 1 տոննայից ապահովվել է 32318 դրամի լրացուցիչ շահույթ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play