Մեկնարկեցին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները


Մեկնարկեցին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

  • 07-04-2011 19:31:59   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ-ում ՏԻՄ համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական հանձնաժողովի, ՀՀ ՏԿ նախարարության, Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ ապրիլի 7-ին կազմակերպված «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» թեմայով քննարկմամբ մեկնարկեցին ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Քննարկմանը, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների կին ներկայացուցիչներ, ԱԺ կին պատգամավորներ, փորձագետներ, բարձրացվեցին այն խնդիրները, որոնք առկա են հասարակական-քաղաքական կյանքում կնոջ մասնակցության, կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման հարցում, ներկայացվեցին գենդերային խտրականության վերացմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Մասնավորապես` նշվեց, որ ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի վերջին նիստում քննարկվել են « ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը եւ ՀՀ գենդերային քաղաքականության 2011 թ. միջոցառումների տարեկան ծրագրի» նախագիծը, ինչպես նաեւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մեծացնել կանանց ներգրավվածությունը նաեւ ՏԻՄ համակարգում, որտեղ ներկայումս կանանց ներկայացվածությունը 2-2,5 տոկոս է: Ներկայացվեցին ՏԻՄ համակարգում կատարված «Տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային ինդիկատորները» եւ «Քաղաքական եւ քաղաքացիական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» ուսումնասիրությունները: Մասնավորապես` Երեւանում եւ Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում իրականացված «Տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային ինդիկատորները» հետազոտության արդյունքներով պարզվել է, հասարակության լայն շրջանակներում կանայք դեռեւս չեն ընկալվում ղեկավար բարձր պաշտոններում, ինչը հիմնական խոչընդոտներից է համարվում: Ըստ հետազոտության` գյուղական համայնքներում կանայք ավելի քիչ են առաջադրվում, քան քաղաքային համայնքներում, մինչդեռ գյուղական համայքներում նրանց հաջողության գործակիցն ավելի բարձր է:
Նոյյան տապան  -   Հասարակություն