Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

  • 07-04-2011 13:25:52   | Հայաստան  |  Հասարակություն
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից, ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում: Թեեւ Մեծ Պահք է, բայց ապրիլի 7-ին հնարավոր է նաեւ Ս. Հաղորդություն ստանալ: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը: Ի՞նչ էր սա: Միայն ավետի՞ս, որը տրվեց Մարիամին, թե՞ ավելին: Միանշանակ՝ ավելին, քանզի այն տրվեց ոչ միայն Ս. Մարիամին, այլեւ համայն մարդկությանը: Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի եւ անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես եւ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ: Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, եւ կարեւորագույն քաղաքը կոչում ենք քաղաքամայր: Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով եւ մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես եւ մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգեւոր ծնունդը: Սնունդ ենք առնում եւ ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը: Մենք պետք է նաեւ հասկանանք, որ ապրիլի 7-ը ոչ միայն օր է, երբ տոնվում է Ս. Աստվածածնի Ավետումը, որի ընթացքում մենք նվերներ ենք ընծայում կանանց եւ մայրերին, այլեւ խորհուրդ, որ մշտապես պետք է կրենք մեր մեջ: Մեզ համար յուրաքանչյուր օր պետք է լինի ավետման օր: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք ապրել Ավետման խորհուրդը: Այսօր ուրախանում ենք, երբ մեզանում ավելանում են երեխաների ծնունդները, սակայն ուշադրություն չենք դարձնում այն փաստին, որ հազարավոր երեխաներ իրենց կյանքը շարունակում են մանկատներում: Մեր ընտանիքներին եւ զավակներին առանձնակի ջերմությամբ եւ գուրգուրանքով ենք շրջապատում եւ չենք էլ հիշում, որ կան հազարավորներ, որոնք զուրկ են օթեւանից, ծնողական քնքշանքից: Մեզ համար տոն է ապրիլի 7-ը: Մենք այն հռչակել ենք մայրության եւ գեղեցկության տոն, սակայն անհոգ ենք այն սոսկալի փաստին, երբ կանայք արհեստականորեն զրկում են իրենց մայր դառնալու աստվածատուր շնորհից: Ինչի՞ համար է այս տոնը: Զուտ ուրախանալո՞ւ, նվերներ բաշխելո՞ւ: Այդ ամենը պետք է լինի: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ Փրկիչը մեզ պատգամեց նաեւ հետեւյալ խոսքերը. «Սիրեցէ՛ք զմիմեանս»: Եվ Աստված Իր Միածին Որդուն մարդկանց համար բացահայտեց Աստվածածնի Ավետման միջոցով: Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատեւ լինի հայ ընտանիքներում, եւ թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին եւ զավակներին»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play