Գարեգին Բ Կաթողիկոս. «Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանանց ու մայրերի»


Գարեգին Բ Կաթողիկոս. «Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանանց ու մայրերի»

  • 06-04-2011 19:37:20   | Հայաստան  |  Հասարակություն
Ավետման տոնի առթիվ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ մեր ժողովրդին Ավետման տոնի առիթով եւ շնորհավորում կանանց` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ: Աշխարհի փրկության համար Քրիստոսի մարդեղացման հրեշտակաձայն ավետիսն ենք վերստին հիշում նվիրական այս տոնին, որ մեզ բերում է նաեւ հորդորը Տիրամոր հեզ օրինակով աստվածային բարերար կամքին հնազանդվելու, Ավետարանի լույս պատգամներով ապրելու եւ գործելու: Աստվածածնի նման խոնարհությամբ, առ Աստված հավատարմությամբ կանայք պիտի արդյունազարդեն իրենց բացառիկ առաքելությունը` նոր սերունդ դաստիարակելու, ընտանեկան օրհնյալ հարկը սիրով եւ հոգատարությամբ զորացնելու, նաեւ ազգային-եկեղեցական մեր կյանքում իրենց կոչումը բարի գործունեությամբ արդյունավորելու: Ճշմարիտ գեղեցկությունը առաքինազարդ հոգում է կանանց ու մայրերի, ովքեր հավատքով եւ մարդկանց հանդեպ սիրով լեցուն օրհնյալ արգասիքներ են բերում ազգային մեր անդաստանում: Թող Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ Տերն օրհնի բոլոր կանանց եւ մայրերին, շնորհի արեւշատություն, երկնապարգեւ երջանկություն եւ պահի ու պահպանի Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play