ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ


ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

  • 27-03-2010 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին`Թատրոնի միջազգային օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Դարեր առաջ հայոց Արտավազդ թագավորի օրոք մայրաքաղաք Արտաշատը դարձել է հայ թատրոնի հիմնավայրը: Իսկ այսօր, արդեն ավելի քան 10 տարի է, Հայաստանում անցկացվում է «Արտավազդ » թատերական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ են հանձնվում թատերարվեստին մատուցված ծառայությունների համար: Թատերական կյանքը Հայաստանում շարունակվել է անկախ հասարակական կյանքի ելեւէջներից: Հակառակ դեպքում մեր թատերական կյանքը եւ մշակույթը չպետք է կարողանային գոյատեւել այն պայմաններում, որոնք որոշակի ժամանակահատվածներում ընդհանրապես նպաստավոր ու տրամադրող չէին: Այն, որ այսօր Հայաստանում անցկացվում են տարաբնույթ միջազգային փառատոններ, խոսում է մեր մշակութային գրավչության, մեր ստեղծագործ գենի կենսունակության մասին: Այսօր մեր թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է` սկսած ներկայացումների խաղացանկից վերջացրած ներթատրոնային կյանքով: Ժամանակին ունեցել ենք հիանալի մարզային թատրոններ` որոնք , ի դեպ, այսօր աջակցության կարիք ունեն: Մարզերի բնակչությանը պետք է ավելի ակտիվ մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր գործիչներին, այդ թվում նաեւ նրանց, ում աշխատանքը տեսնում ենք, բայց նրանք չեն երեւում բեմում: Մաղթում եմ մշակութային անսպառ եռանդ ու երկարակեցություն, համերաշխություն եւ բարեկեցություն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play