Յոթ հաղթող, վառ էմոցիաներ․ Մայլեռում անցկացվեցին առաջին ձմեռային խաղերը դիվանագիտական կորպուսի համար


 

Յոթ հաղթող, վառ էմոցիաներ․ Մայլեռում անցկացվեցին առաջին ձմեռային խաղերը դիվանագիտական կորպուսի համար

  • 25-02-2026 15:11:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում տեղակայված «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» լեռնադահուկային համալիրում առաջին անգամ տեղի ունեցավ «Մայլեռ ձմեռային խաղեր 2026․ դիվանագիտությունը լեռներում» սպորտային մրցույթը։ Միջոցառումն իրականացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ և համախմբեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների 130 ներկայացուցչի։
 
«Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական համայնքին նախաձեռնության հանդեպ ցուցաբերած մեծ հետաքրքրության համար և նշեց․ «Մայլեռը ստեղծվել է համարձակ տեսլականով՝ դառնալ ժամանակակից և բազմաֆունկցիոնալ լեռնադահուկային համալիր ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մակարդակով։ Իսկ
«Դիվանագիտությունը լեռներում» նախագիծը մեր ներդրումն է երկրների ու մշակույթների միավորման գործում։ Վստահ եմ՝ այն կդառնա ամենամյա միջոցառում՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու ամրապնդելով միջազգային կապերը սպորտի միջոցով»։
 
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 20 դիվանագիտական առաքելություններ և միջազգային կառույցներ, այդ թվում` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չեխիայի, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի, ԵՄ դիտորդական առաքելության, միջազգային ֆինանսական կազմակերությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նկատեց, որ Մայլեռը Հայաստանում հավակնոտ ծրագրեր իրականացելու  լավ օրինակ է: «Հայաստանի կառավարությունն ամբողջովին աջակցում է այստեղ ենթակառուցվածքների զարգացմանը և ընդհանուր էմոհամակարգի կայացմանը: Մենք շատ հպարտ ենք բոլորիդ այստեղ հյուրընկալել և շնորհակալություն մեր գործընկերներին` «Դիվանագիտությունը լեռներում» միջոցառումը կազմակերպելու համար»,-ասաց Վահան Կոստանյանը։
 
300 մետր երկարությամբ սահուղու վրա շուրջ 50 մասնակից մրցեցին կանանց ու տղամարդկանց համար նախատեսված լեռնադահուկ և սնոուբորդ անվանակարգերում։ Մրցույթի նախորդ օրը մասնակիցների համար կազմակերպվել էր մարզումային փուլ պրոֆեսիոնալ հրահանգիչների կողմից՝ ապահովելու նրանց անվտանգ սահքը: 
 
Սահուղիներում բոլոր պատվիրակները փայլեցին իրենց պատրաստվածությամբ, իսկ Ֆրանսիայի թիմն
առանձնացավ առաջատար հորիզոնականներ նվաճած սահորդներով։ Մրցույթի արդյունքներով պատվո
հարթակին կանգնեց 7 մասնակից։ Ջերմ և ընկերական միջավայրում տեղի ունեցավ հաղթողների
պարգևատրման արարողությունը: 
Կանանց դահուկավազքի երրորդ մրցանակակիր ԱՄՆ դեսպանության Տեխնոլոգիական հարցերով
դիվանագիտական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սթյուարթը տպավորված է Հայաստանով ու հատկապես
 
Մայլեռի հնարավորություններով: «Արդեն վեց ամիս է՝ Հայաստանում եմ. սա հրաշալի վայր է՝ համեղ խոհանոցով, ընտիր գինիներով և հյուրընկալ մարդկանցով: Ես իսկապես վայելում եմ այստեղ անցկացրած յուրաքանչյուր պահը: Իսկ Հայաստանում լեռնադահուկային նման փորձառություն ունենալն ուղղակի աննկարագրելի է: Մեծ հաճույք էր տարբեր դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ այս մրցմանը մասնակցելը. սա հրաշալի հնարավորություն էր հանդիպելու, շփվելու և միասին հաճելի
ժամանակ անցկացնելու համար»,-ասաց Էլիզաբեթ Սթյուարթը։
 
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ով դեռ մանկուց է զբաղվում ձմեռային սպորտաձևերով, տղամարդկանց դահուկավազքի առաջին մեդալակիրն է: «Այն, ինչ Հարությունյան ընտանիքն իրագործել է այստեղ՝ Հայաստանում ստեղծելով ժամանակակից լեռնադահուկային համալիր, իսկապես տպավորիչ է։ Այսօր ամեն ինչ հրաշալի էր. մենք հիանալի ժամանակ անցկացրինք մեր գործընկերների հետ։ Ինձ հաջողվեց զբաղեցնել առաջին տեղը, թեև պայքարն իսկապես բարդ էր, քանի որ մրցում էի շատ հմուտ սահորդների հետ»,-նշեց Գեորգի Ախալկացին։
 
«Մայլեռ ձմեռային խաղեր 2026. դիվանագիտությունը լեռներում» մրցույթի հաջողությունն ազդակ է ընկերության համար նմանատիպ միջոցառումները դարձնել ամենամյա` ներգրավելով նոր ոլորտներ ու մասնակիցներ: 
 
***
«Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ը ժամանակակից լեռնադահուկային համալիր է, որը հանդիսանում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի խոշորագույն և երկարաժամկետ բազմափուլ ներդրումային նախագծերից մեկը: 2023 թվականից գործարկվելուց ի վեր՝ համալիրը տարեցտարի արձանագրում է այցելուների թվի զգալի աճ, մասնավորապես, 2024-2025 թթ․ հանգստյան օրերին հյուրընկալել է շուրջ
5 հազար զբոսաշրջիկի։ Նախագծի ավարտական փուլում համալիրը հնարավորություն կունենա միաժամանակ սպասարկելու մինչև 30 հազար մարդու: Ենթակառուցվածքը ներառելու է 17 հիմնական ճոպանուղի (նստատեղային և գոնդոլային) և 102 կմ ընդհանուր երկարությամբ սահուղիներ։ Կառուցվելու են հյուրանոցներ, ռեստորաններ, ամառային և ձմեռային ատրակցիոներ, այդ թվում՝ ռոդելբան՝
կոնստրուկցիաների փոխարեն բնական լեռնային ռելիեֆի օգտագործմամբ: Իսկ Ապարանի ջրամբարի շնորհիվ այստեղ կգործեն նաև ջրային տարբեր ատրակցիոններ։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն