Սերժ Սարգսյան. Իմ գերխնդիրը ԼՂՀ բնակչության անվտանգության<br /> ապահովումն է<br />


Սերժ Սարգսյան. Իմ գերխնդիրը ԼՂՀ բնակչության անվտանգության
ապահովումն է

  • 23-03-2010 22:00:00   | Սիրիա  |  Քաղաքական
ԴԱՄԱՍԿՈՍ, 23 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանը բարձր է գնահատում եւ կարեւորում է Սիրիայի հետ իր հարաբերությունները: Այս մասին Սիրիայում Հայաստանի եւ Սիրիայի նախագահների նախօրեի համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ երկրի ղեկավարի, դրա ամենավառ վկայությունն է վերջին 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ նախագահների մակարդակով իրականացված փոխայցելություններն ու օրակարգում ներգրավված հարցերի ծավալը: Այցը հատկանշանական է երկու երկրների միջեւ ստորագրվելիք փաստաթղթերի տեսանկյունից, նշեց նախագահը, տեղեկացնելով, որ ստորագրվելու է հայ-սիրիական համագործակցությանը վերաբերող 10 փաստաթուղթ` էներգետիկայի, արդարադատության, սպորտի, գյուղատնտեսության, ներքին գործերի եւ այլ բնագավառներում: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իր հերթին նշել է, որ քննարկվել են բազմաթիվ հարցեր. «Իհարկե, մեր ապրանքաշրջանառության ծավալը շատ փոքր է, եւ մենք պետք է աշխատենք այն մեծացնելու եւ հնարավոր խոչընդոտները վերացնելու ուղղությամբ»,- նշել է Սիրիայի նախագահը: «Ի՞նչ փուլում է եւ որքան մոտ է ղարաբաղյան կարգավորման գործընթացը» «Ասոշիեյթըդփրես» գործակալության հարցին ի պատասխան ՀՀ նախագահը նշել է, որ բանակցություններում իր գերխնդիրը ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումն է: «Եւ ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի բնակչությանը անվտանգ զարգանալ պատմական տարածքում»,- ասել է Հայաստանի ղեկավարը, մտահոգություն հայտնելով, որ «մեր տարածաշրջանում եւս ռազմատենչ հայտարարություններ են հնչում, խորանում է թշնամանքը, փոխադարձ կասկածամտությունը: Եւ ելնելով սրանից է, ես վերջերս հրապարակայնորեն առաջարկեցի Ադրբեջանին կնքել ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման մասին պայմանագիր, ինչը հնարավորություն կտա որոշակի կայունություն հաստատել եւ որոշակի վստահության մթնոլորտ ձեւավորել: Փաստորեն, մերժելով մեր առաջարկությունը, Ադրբեջանը արհամարհում է միջազգային իրավունքի այդ կարեւորագույն սկզբունքը: Սա լավ բանի չի կարող հանգեցնել: Այսպիսի իրավիճակ էր նաեւ 90-ական թվականների սկզբներին, երբ մենք ասում էինք խաղաղ ճանապարհով է պետք լուծել Ղարաբաղի խնդիրը, Ադրբեջանը վերջիվերջո գնաց ագրեսիայի եւ այսօր ունենք այն վիճակը, ինչ որ ունենք»,- ասել է Հայաստանի ղեկավարը: ՀՀ նախագահի եւ առաջին տիկնոջ պատվին տրված ընթրիքի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազահուրծ եղած «հայերն արժանացել են այս մեծահոգի ժողովրդի (սիրիացիների) հյուրընկալ ու բարեգութ վերաբերմունքին: Նրանց հաջողվել է ինտեգրվել` միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ինքնությունը»: Դրա խոսուն վկայությունն է, ըստ ՀՀ նախագահի, Սիրիայում գործող բազմաթիվ հայկական եկեղեցիները, կրթական եւ մշակութային հաստատությունները, պարբերականները: «Մենք բոլորս ապրում ենք աշխարհաքաղաքական ընդհանուր եւ առանձնահատուկ կարեւորություն ունեցող տարածքում, որտեղ իրար են բախվում միջազգային խոշոր ուժերի շահերը: Դա կրկնակի է պարտավորեցնում մեզ փոխգործակցել իրար հետ, համադրել մեր ջանքերը եւ հասկանալ միմյանց թե մանրուքների եւ թե կարեւոր աշխարհաքաղաքական խնդիրներում, հաղթահարել եւ վերանայել բոլոր տարաձայնություններն ու հակասությունները: Մենք Սիրիայում գտնում ենք, որ տարածաշրջանների միջեւ երկխոսությունն ու փոխըմբռնումը, ինչպես նաեւ յուրաքանչյուր պետության շահերի նկատմամբ հարգանքը հանդիսանում են առկա խնդիրների լուծման օրինակելի ճանապարհ»,- իր հերթին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play