Ապրիլի 9-ին Երեւանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ


Ապրիլի 9-ին Երեւանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ

  • 04-04-2011 16:49:16   | Հայաստան  |  Հասարակություն
Ապրիլի 9-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Ակնկալելով համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը այս գործում, Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված եւ իրականացվի բոլոր վարչական շրջաններում. <<Անհրաժեշտ է ներգրավել բոլորին եւ կարեւոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաեւ այդ ծառերի հետագա խնամքը>>,- շեշտադրել է քաղաքապետը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Երեւան քաղաքի ոստիկանությանը վերջերս իրականացված ծառատունկից հետո արձանագրված նորատունկերի գողությունների դեպքերին արագ արձագանքելու եւ մեղավորներին բացահայտելու համար: Կարեն Կարապետյանը հատկանշել է նաեւ բակերի բարեկարգման, կանաչապատման եւ խաղահրապարակների տեղադրման աշխատանքների իրականացումը: Վկայակոչելով օրերս մամուլում հրապարակված մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների աշխատանքի հետ կապված դժգոհությունները, քաղաքապետի կողմից խիստ եւ հետեւողական վերահսկողության պահանջ է դրվել վարչական շրջանների ենթակայության սոցիալական ծառայությունների աշխատանքի նկատմամբ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս հարցում որեւէ բողոք անարձագանք չպետք է մնա եւ հանձնարարել է ընտրանքային ստուգումներ անցկացնել: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, անդրադառնալով ապրիլի 1-ից մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշմանն հաջորդած Երեւանում հաշվառում չունեցող քաղաքացիների դժգոհություններին, քաղաքապետը հանձնարարել է հարցը քննարկել եւ կարճ ժամկետում առաջարկել լուծումներ: <<Մաքուր եւ բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է նաեւ յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ>>,- նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Երեւանի աղբահանության խնդրին: Քաղաքապետը մեկ անգամ եւս ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պետք է սկզբունքորեն փոխվի: Պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել փողոցների եւ բակերի մաքրման աշխատանքներին. <<Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաեւ թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի հետ>>,-նշել է քաղաքապետը: Ըստ այդմ, Կարեն Կարապետյանն առաջարկել է հնարավոր բոլոր եղանակներով երեւանցիների մեջ քարոզել պատասխանատվություն` քաղաքը մաքուր պահելու հարցում: Մայրաքաղաքում աղբահանության աշխատանքները միասնական մոտեցմամբ իրականացնելու առումով, զեկուցվել է, որ վարչական շրջանների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմվել է Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման, աղբահանության վճարների հավաքագրման աշխատանքների բարելավման միջոցառումների ծավալուն ծրագիր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play