Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին


 

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

  • 19-06-2026 17:50:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին 2003թ. կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանին։
 
«Իր ելույթում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընդգծել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է։ Նա կարևորել է տեղական համայնքների կարիքների ընկալումն ու նրանց մշակութային ժառանգության պահպանությունը։
 
Արամ Հակոբյանն անդրադարձել է նաև հակամարտությունների և տեղահանությունների հետևանքով ոչ նյութական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առավել աջակցել տեղահանված և փախստական համայնքներին՝ նպաստելով վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը։
 
Նստաշրջանին ելույթ է ունեցել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի պետ Նաիրա Կիլիչյանը՝ ընդգծելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։
 
Նստաշրջանի ընթացքում հայկական «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվեց որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեին խորհրդատվական կարգավիճակով աջակցող հասարակական կազմակերպություն՝ ի ճանաչում ոլորտում ունեցած նրա մասնագիտական փորձառության»:
 
 ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն