Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին

04-07-2026 14:00 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
Թեհրանը պահուստում «ջերմամիջուկային զենք» ունի. Մեդվեդևը՝ Իրան–ԱՄՆ բանակցությունների մասին
 
Sputnik. Մեդվեդևը հուլիսի 3-ին այցելել է Իրան՝ մասնակցելու ԻԻՀ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, իսկ այնուհետև հանդիպում է ունեցել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
 
ԱՄՆ-ի հետ հակամարտությունում Հորմուզի նեղուցը Իրանի համար դարձել է «միջուկային զենքից ոչ պակաս» զենք, բայց այն նաև ունի պահեստային «ջերմամիջուկային զենք»՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
 
«Կարծում եմ, որ Իրանը պահուստում ունի ոչ միայն այդ միջուկային զենքը, այլև ջերմամիջուկային զենք, մասնավորապես՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որը կարող է օգտագործվել ռազմական հակամարտության դեպքում՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ բոլոր նավթային և այլ նավագնացությունները կարգելափակվեն», - ասել է Մեդվեդևը՝ Իրան կատարած այցից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
 
Նրա խոսքով` Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական պայմանավորվածությունների հասնելու գործընթացը չափազանց բարդ կլինի:
 
«Բանակցությունը միշտ ավելի լավ էն, քան դրա բացակայությունը, բայց բանակցությունները պետք է ինչ-որ բանով ավարտվեն։ ԱՄՆ-ում ոչ բոլորն են ցանկանում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Մի շարք դիրքորոշումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելը, ներառյալ, օրինակ, Իրանի վերականգնման համար գումար հատկացնելը, չափազանց դժվար կլինի», - ասել է Մեդվեդևը։
 
Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումները, որոնք ԱՄՆ-ի հարձակման առիթ են դարձել, սահմանափակվում են ընդհանուր դատողություններով, ոչ ոք ոչ ոքի այդպես էլ ոչինչ չի ներկայացրել: Այդ կապակցությամբ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ Մոսկվան դեռ առաջարկներ ունի (խոսքը Իրանից Ռուսաստան ուրանի արտահանման մասին է. խմբ․), որոնք կարող են լուծել իրանական միջուկային խնդիրը խաղաղ միջոցներով:
 
Անդրադառնալով ընդհանուր առմամբ Իրանում տիրող իրավիճակին՝ Մեդվեդևը նշել է, որ Թեհրանում տիրող իրավիճակն իր վրա բարենպաստ տպավորություն է թողել՝ նշելով, որ քաղաքն ապրում և զարգանում է, թեև շատ թաղամասեր ավերվել են հարվածների հետևանքով:
 
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցությունը Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 80 անգամ