Ուխտագնացություն Ախալքալաքից դեպի Ախալցխայի Սբ. Նշան<br /> եկեղեցի` Սուրբ Վարդանանց տոնի առիթով<br />


Ուխտագնացություն Ախալքալաքից դեպի Ախալցխայի Սբ. Նշան
եկեղեցի` Սուրբ Վարդանանց տոնի առիթով

  • 12-02-2010 13:13:00   | Վրաստան  |  Հասարակություն
ԱԽԱԼՔԱԼԱՔ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Փետրվարի 11-ին Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդարանի նախաձեռնությամբ եւ Ախալքալաքի հոգեւոր հովիվ` Տեր Տաթեւ քահանա Մարուքյանի առաջնորդությամբ մի խումբ երիտասարդներ Ախալքալաքից ուխտագնացություն կատարեցին Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Ախալցխայի շրջակա գյուղերի հոգեւոր հովիվ, նորանշանակ քահանա Տ. Տիգրան Մխիթարյանը` Ախալցխայի հավատավոր ժողովրդի հետ միասին: Ինչպես տեղեկացնում է Ախալցխայի տեղեկատվական կայքը, Սուրբ Վարդանանց զորավարների` Ավարայրի մեծ պատերազմում նահատակված 1036 վկաների հիշատակության տոնի առիթով Ախալցխայի Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցում Տ. Տաթեւ քահանա Մարուքյանը եւ Տ. Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեցին հիշատակման ժամերգություն, որը Սբ. Նշան եկեղեցում տեղի չեր ունեցել Սովետական Միության ժամանակաշրջանից ի վեր: Սբ. Վարդանանց եկեղեցին կառուցվել է 1864թ. Ախալցխայի պատվավոր քաղաքացի, բարերար Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ: Կառուցված լինելով «նշան» բլրի վրա` այն հետագայում ժողովրդի կողմից վերանվանվել է Սբ. Նշան: 1938 թ. սովետական մարմինների որոշմամբ` եկեղեցական ծիսակատարությունը Սբ. Նշանում արգելվել է: Սակայն եկեղեցին շարունակել է գործել մինչեւ 1941 թ.: 1941-43 թթ. եկեղեցին օգտագործվել է որպես ռազմական հանդերձանքի պահեստ, 1943-49-ին` որպես տարաբնույթ ապրանքների պահոց, իսկ 1949-ից մինչեւ 1970-ը` որպես աղի պահեստ: 1984 թ. եկեղեցին վերածվում է «ժողովուրդների բարեկամության թանգարանի»: 1990 թ. ապրիլի 24-ին ախալցխահայությունը մաքրում է Սբ.Նշան եկեղեցին թանգարանային նմուշներից, որից հետո քաղաքում ծայրաստիճան լարված իրավիճակ է ստեղծվում տեղացիների եւ այն ժամանակվա իշխանություների միջեւ: Այժմ Սբ. Նշան եկեղեցին չի գործում, սակայն բաց է բոլոր այցելուների համար: Վրաց ուղղափար եկեղեցին այն եւս համարում է «վիճելի»:
Նոյյան տապան  -   Հասարակություն