ՀՀ սփյուռքի նախարարության ակտիվ աջակցությամբ Ռյազանի<br /> կիրակնօրյա հայկական դպրոցում արդեն իսկ լուծվում է դասագրքերի<br /> հարցը,- արձանագրում է մարզի հայերի միության նախագահ Գյուլաբ<br /> Մարտիրոսյանը<br />


ՀՀ սփյուռքի նախարարության ակտիվ աջակցությամբ Ռյազանի
կիրակնօրյա հայկական դպրոցում արդեն իսկ լուծվում է դասագրքերի
հարցը,- արձանագրում է մարզի հայերի միության նախագահ Գյուլաբ
Մարտիրոսյանը

  • 05-02-2010 14:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռյազանի հայությանը գերատեսչության մշակած եւ իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավելու հարցեր են քննարկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Աշխարհի ազգերի հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռյազանի պետական ռադիոտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության եւ Ռուսաստանի ժուռնալիստների միության անդամ, Ռուսաստանի Ռյազանի մարզի հայերի միության նախագահ Գյուլաբ Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Գյուլաբ Մարտիրոսյանը 1953թ. ապրում է Ռյազանի մարզում, դասավանդում Ռյազանի ռադիոտեխնիկական ինստիտուտում: 50-60-ական թթ. ակտիվ մասնակցել է մարզում հայկական համայնքի ձեւավորման աշխատանքներին, ուսումնասիրել Ռյազանում հայերի բնակության պատմությունը: Ավելի քան 22 գրքերի հեղինակ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շուտով լույս կտեսնի իր «Հայկական Սփյուռքը Ռյազանում» աշխատությունը: Այս տարի 80-ամյակը բոլորող պրոֆեսորը ուսումնասիրել եւ ամբողջացրել է Ռյազանի մարզում հայերի պատմությունը: Նա տեղեկացրեց, որ մարզում հայերը հաստատվել են դեռեւս 12-րդ դարի վերջերից, սակայն հայկական համայնքներից մեկի հիմքը դրվել է 1958թ. Ռյազանում հաստատված 25-30 ընտանիքների ջանքերով: «Արաքս» հայկական միությունը պաշտոնապես գրանցվել է 1991թ.: Համայնքն ունի կիրակնօրյա հայկական դպրոց, որտեղ մինչեւ վերջերս հայերեն դասագրքերի խնդիր կար: Սակայն ՀՀ սփյուռքի նախարարության ակտիվ աջակցությամբ արդեն իսկ որոշակի տեղաշարժ է նկատվել, եւ 2010թ. այդ հարցը վերջնական լուծում կստանա: 47 տարի բնակվելով Ռյազանում եւ կանգնած լինելով համայնքի կազմավորման հիմքում` պրոֆեսոր Մարտիրոսյանը նշում է, որ այստեղ հայերը ձգտում են լինել Ռուսաստանի լիարժեք քաղաքացիներ` միաժամանակ պահպանելով հայկական ավանդույթները: Այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցի, որը տարին 4 անգամ (ազգային տոներին եւ սգո օրերին` դեկտեմբերի 7-ին, փետրվարի 27-ին, ապրիլի 24-ին եւ մայիսի 28-ին) դառնում է մարզի տարբեր ծայրերից ժամանած հայության հավաքատեղի: Գյուլաբ Մարտիրոսյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթն ամբողջական տեղեկատվություն է հաղորդում ինչպես նախարարության գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրերի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության բոլոր համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ողջունելով ՀՀ սփյուռքի նախարարության մեկամյա գործունեությունը` պրոֆեսորն ասաց, որ իրենք երկար են սպասել այս գերատեսչության ստեղծմանը, եւ, որ պետական գերատեսչական այս կառույցի ակտիվ եւ բազմաոլորտ գործունեության շնորհիվ առավել արդյունավետ կկազմակերպվի Հայաստան-Սփյուռք գործակցությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն