Ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է. Մակունց
01-10-2026 19:50 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը մասնակցել է «Նոր հնարավորություն Հայաստանի համար. արտաքին քաղաքականություն, բարեփոխումներ և դիմակայունություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի բացման արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, ուղեղային կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես են եկել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ողջունելով ներկաներին՝ Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել միջոցառման բացմանը մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ ուղեղային կենտրոնների համայնքի գործունեության մեծ կողմնակիցն ու ջատագովն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի Կառավարության ծրագրի համատեքստում ուղեղային կենտրոնների հետ համագործակցությունն անխուսափելի է, քանի որ այսօրվա հավակնոտ որոշումներն ազդեցություն են ունենալու ապագայի վրա։
«Ուստի, կայունության ապահովման, երկրի ապագայի մասին հոգ տանելու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և ինքնիշխանության, ինչպես նաև երկրի դիմակայունությունն ամրապնդելու հավակնության տեսանկյունից, կարծում եմ, որ միմյանց հետ համագործակցելն իսկապես կարևոր է»,- նշել է Լիլիթ Մակունցը։