Բնական գազը անապահով խավի համար կէժանանա


Բնական գազը անապահով խավի համար կէժանանա

  • 31-03-2011 18:02:07   | Հայաստան  |  Տնտեսություն
Մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստն սկսվել է Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ, որով հանդես է եկել մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ մարզի համար առանձնահատուկ որոշ հիմնախնդիրներ եւ գերակայություններ, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին: ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը: Ի գիտություն է ընդունվել նաեւ Արագածոտնի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նիստում որոշում է ընդունվել անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին: ,Հայռուսգազարդե ՓԲԸ-ին առաջարկվել է 2011թ. ապրիլի 1-ից մինչեւ 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագնից նվազեցված գնով ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խորանարդ մետրի համար հարյուր դրամ (ներառյալ ԱԱՀ): Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սույն որոշումից կօգտվի երկրի շուրջ 60 հազար անապահով ընտանիք, այն է` իրականություն կդառնա ՀՀ Նախագահի ուղղակի հանձնարարականը: Սա սոցիալական լուրջ միջոցառում է: Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման եւ հաշվառման սկզբունքներում: ՀՀ վարչապետն ասել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է պետության կողմից երկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համապատկերում: Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննությունը ձեւական բնույթ է կրում, ավելին, քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ նույնիսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման: Հասկանալի է, որ կառավարությունը չէր կարող հանդուրժել այս իրավիճակը: Ընդունված որոշումը թույլ է տալիս, որպեսզի շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայաններից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը: Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը: Մեծ հաշվով խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների անվտանգությանը, վթարների նվազեցմանը: Կառավարության որոշմամբ առաջարկվող լուծումն առաջին քայլն է եւ իբրեւ լուծման նոր մեխանիզմ կարող է ճշգրտման կարիք ունենալ: Համապատասխան աշխատանք պետք է կատարել տեխզննման կայանների հետ: Մի բան պարզ է` մեր երկրի առնվազն 300 հազար քաղաքացիներ ոչ միայն կապահովեն երթեւեկության անվտանգությունը, այլեւ կազատվեն տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից: ՀՀ կառավարության ընդունած մի շարք որոշումներ ուղղված էին գյուղատնտեսության ոլորտի աջակցությանը: Գործադիրը հաստատել է 2011թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները: Տիգրան Սարգսյանի խոսքով սա այն խնդիրն է, որը մշտապես մտահոգում է գյուղացիներին: Այս տարի եւս կառավարությունը մոտ 4 մլրդ 200 մլն դրամ է հատկացնում ոռոգման ջրի ծախսը հոգալու նպատակին` դրանով իսկ կանխելով ջրի սակագնի բարձրացումը: Այսպիսով, ոռոգման ջրի տարեկան ծախսի շուրջ 60 տոկոսը հոգում է պետությունը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին: Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի: Անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի: Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 200,000.0 հազար դրամ` ՀՀ ֆինանսների նախարարության ,Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորման նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը միջոցներ է հատկացնում երեք ծրագրի համար: Առաջինով աջակցություն է ստանում օրգանիկ պարարտանյութ արտադրող ազգային ընկերությունը, որն այս տարի պատրաստ է բավարարել դրա պահանջարկի կեսը: Երկրորդ ծրագիրն առեւտրային բանկերի միջոցով գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է: Երրորդով մի քանի մարզերի հատկացվել է 100 մլն դրամ, եւ այդ գումարն արդեն իսկ օգտագործվել է. պայմանագիր է ստորագրել 200 տնտեսություն: Պետությունը շարունակելու է այս ծրագիրը: Կառավարության որոշմամբ փոփոխվել եւ լրացվել է ավելի վաղ ընդունված որոշումներից մեկը, որի համաձայն 2011թ. երկրորդ եռամսյակում կշարունակեն սուբսիդավորվել ,Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարանե պետական նպատակային ծրագրով նախկինում տրամադրված վարկերի տոկոսավճարները, ինչպես նաեւ կսուբսիդավորվեն նոր տրամադրված վարկերի տոկոսավճարները: Մեկ այլ որոշմամբ հանրապետությունում առաջին անգամ ձեւավորված սոցիալական բնակարանների ֆոնդի բաշխման իրավունքը վերապահվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ ,Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարանե ծրագիրը 90 տոկոսով իրականացվում էր Երեւան քաղաքում: Մարզերի շահառուների համար վարկերի տրամադրման արտոնություն սահմանելու շնորհիվ պատկերը կտրուկ փոխվել է, եւ ծրագիրը թափ է առնում մարզերում, մի հանգամանք, որը նպաստում է տարածքների համաչափ զարգացմանը: Ինչ վերաբերում է սոցիալական բնակարանների ֆոնդի ստեղծմանը, ապա սա, վարչապետի բնորոշմամբ, առաջին քայլն է: Բնակչության անապահով խավին բնակարաններ կտրամադրվեն արդեն իսկ կառուցված եւ կառուցվող շենքերում: ՀՀ կառավարությունը հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ Կովկասյան նախաձեռնության շրջանակում իրականացված ,Գյումրի-2ե ենթակայանի վերականգնումե վարկային ծրագրի գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով ,Ալսթոմ Գրիդ ԳմբՀե ընկերությունը: Պայմանագրային բանակցության արդյունքում այն պարտավորվել է օպտիկամանրաթելային մալուխը մոնտաժել դրա համար առաջարկված ամենացածր գնով: Պայմանագրի ընդհանուր արժեքն է 12283696,41 եվրո: ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած իր ,Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը հաստատելու մասինե որոշման մեջ եւ սահմանել, որ մայիսի 1-ից սկսած (ապրիլ ամսվա արդյունքով) ՀԴՄ կտրոնների յուրաքանչյուր վիճակահանությանը 10-ի փոխարեն կտրամադրվի 15 ավտոմեքենա, միաժամանակ կդադարեցվի դրամական պարգեւավճարների վճարումը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ շահումով խաղերի արտոնագիր եւ հարակից փաստաթղթեր կարելի է ստանալ ոչ միայն առձեռն կամ փոստով, այլեւ էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, արտոնագրման գործընթացի պարզեցմանն ու թափանցիկության ապահովմանը: Լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրն ակնկալում է էականորեն կրճատել ,Կանաչ ուղիե ընթացակարգով ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպման համար պահանջվող ժամանակը, նվազեցնել մաքսային մարմնի եւ տնտեսվարող սուբյեկտի շփումները եւ ձեւավորել մաքսային ձեւակերպման փուլերի ժամանակահատվածների վիճակագրական տվյալների բազան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play