Խորհրդային աստվածմերժության տարիներից հետո Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիները զարթոնք են ապրում


Խորհրդային աստվածմերժության տարիներից հետո Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիները զարթոնք են ապրում

  • 31-03-2011 17:36:26   | Ռուսաստան  |  Հասարակություն
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հրավերով Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը <<Հայորդյաց տուն>> հայեցի դաստիարակության կենտրոնում հանդիպեց <<Նուռ>> եկեղեցասեր երիտասարդաց միության անդամների հետ: Երկու առաջնորդների հետ հանդիպումը, նվիրված միջքրիստոնեական հարաբերությունների առաջընթացին, սկսվեց տերունական աղոթքով, որից հետո հյուրերին ողջույնի խոսք ասաց Ռուսահայոց Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը. <<Անչափ ուրախ ենք Սրբազան հայր, որ դուք այցելեցիք մեր տուն: Սա նաեւ ձեր տունն է: Շնորհակալ ենք մեր եկեղեցու եւ համայնքի նկատմամբ տածած սիրո, ուշադրության եւ ջերմ եղբայրական հարաբերությունների համար: Այսօր առաջին անգամ մեր հոգեւոր կրթական կենտրոնում հյուրընկալում ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչի` Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնին: Ձեր այցն ուրախալի իրադարձություն է մեր համայնքի եւ Եկեղեցու համար, որը ոչ միայն վկայում է ջերմ եւ անկեղծ եղբայրական հարաբերությունների մասին, այլեւ հիշեցնում, որ պետք է շարունակել ապրել հոգեւոր արժեքներով, որոնք պահպանել եւ մեզ ժառանգություն են թողել մեր նախնիները: Այսպիսի փոխադարձ այցելությունները, շփումները ամրապնդում են եւ նպաստում եղբայրական հոգեւոր հարաբերությունների զարգացմանը հանուն Աստծո փառքի եւ բոլորիս բարօրության>>: Այնուհետեւ միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը ներկաներին փոխանցեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի օրհնությունն ու ողջույնը: <<Դուք գիտեք, թե ինչ սիրով է վերաբերվում Կիրիլ Պատրիարքը Հայաստանին, հայ ժողովրդին եւ Հայ Առաքելական Եկեղեցուն,-ասաց միտրոպոլիտ Իլարիոնը: Նա եղել է Հայաստանում մինչ պատրիարք լինելը եւ ընտրվելուց հետո եւս: Ես հուսով եմ, որ դեռ շատ անգամներ Կիրիլ Պատրիարքը կայցելի ձեր գեղեցիկ, բայց եւ բազում ցավեր տեսած երկիր>>: Այնուհետեւ միտրոպոլիտ Իլարիոնը պատմեց Հայաստան կատարած իր մի քանի այցելության տպավորությունների մասին: <<Ինձ համար շատ հարազատ ու թանկ է Հայաստանը:Այն, ինչ ես տեսել եմ Հայաստանում մեծ տպավորություն է գործել ինձ վրա եւ միշտ կմնա իմ սրտում: Շատ տառապանքներ է տեսել հայ ժողովուրդը եւ տառապել է հատկապես իր քրիստոնական հավատքի համար: Եվ չնայած իր բազում տառապանքներին, դարերի ընթացքում, հայ ժողովուրդը ամուր է պահել եւ շարունակում է պահպանել իր հավատքը>>,-ասաց Սրբազան հայրը: Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը խոսեց նաեւ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների դարավոր ամուր կապի մասին, միաժամանակ նշելով, որ մեր Եկեղեցիների միջեւ գոյություն ունի տարակարծություն, որը սկիզբ է առել 451 թվականին եւ մինչ օրս հաղթահարված չէ: << Չնայած աստվածաբանական տարաձայնությանը, որն այսօր քննարկում են Ուղղափառ Եկեղեցիները եւ Արեւելյան Հին Ուղղափառ Եկեղեցիները, -ասաց Սրբազան հայրը,-մենք միմյանց նկատմամբ տրամադրված ենք բարյացակամ, որը բազմիցս փաստել ենք գործով մեր համատեղ պատմության ընթացքում: Եվ պատահական չէ, որ խորհրդային աստվածմերժության տարիներից հետո Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիները զարթոնք են ապրում եւ մեր եկեղեցիների հոգեւոր առաջնորդները պարբերաբար հանդիպում են, շփվում, օգնում միմյանց լուծելու այն խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր առաջ>>: Միտրոպոլիտ Իլարիոնը հիշեց նաեւ, թե ինչ կարեւոր դերակատարություն է ունեցել Ռուս Ուղղափառ Եկեղեցին 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղի առնչությամբ երկկողմանի լարված պայմաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հանդիպումները կազմակերպելու գործում:<<Հոգեւոր առաջնորդները արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի լարվածությունը թուլանա, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր քիչ լինեն, որպեսզի ձեռք բերվի խաղաղություն, որը մարդկանց ապրելու, աշխատելու հնարավորություն կտար, նաեւ հավատալու, ինչպես այդ արել են դարերի ընթացքում>>: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի մամլո դիվանից, Միտրոպոլիտ Իլարիոնը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերվում էին երկու Եկեղեցիների հարաբերությունների սերտացմանը, առկա դավանաբանական տարակարծություններին, եկեղեցու հովանու ներքո որբ երեխաներին աջակցություն ցուցաբերելուն, աղանդավորների դեմ պայքարի ձեւերին եւ այլն: Հանդիպման ավարտին Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնին նվիրեց <<Գրիգոր Նարեկացին եւ հոգեւոր մշակույթը միջնադարում>> գիրքը եւ Ս. Հարության տոնի նախաշեմին` զատկական ձու, որի ներսում ռուսական եկեղեցու քանդակն էր: Միտրոպոլիտ Իլարիոնը կենտրոնի գրադարանին նվիրեց իր հեղինակած <<Ուղղափառություն>> երկհատոր գիրքը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play