ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 165 ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ 165 ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ

  • 01-09-2008 15:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 1-ին սաների առջեւ իրենց դռները բացեցին նաեւ Հայաստանի մարզադպրոցները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության Մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Սամսոն Հակոբյանը, Հայաստանում գործում են 165 մարզադպրոցներ (այդ թվում 49-ը` Երեւանում), որտեղ աշխատում են 1814 մարզիչներ (729-ը` Երեւանում): 43 մարզաձեւերով պարապող 43471 մարզիկ-մարզուհիներից 17212-ը բնակվում են մայրաքաղաքում: Հայաստանի 927 համայնքներից մարզադպրոցներ կան 56-ում: Հանրապետության հանրակրթական դպրոցների 650 000 աշակերտներից մարզադպրոց է հաճախում ընդամենը 6,8 տոկոսը: Առավել մասսայականություն վայելող մարզաձեւերն են ըմբշամարտը` 7452 պարապող, ֆուտբոլը` 5631, բռնցքամարտը` 3314, ծանրամարտը` 2599, ձյուդոն` 2169 պարապող: 2001-2007թթ. սոցհիմնադրամի, պետբյուջեի եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվել եւ վերանորոգվել է 38 մարզադպրոցների օլիմպիական հերթափոխի 2 քոլեջների եւ մարզական հասարակական այլ կազմակերպությունների 52 մասնագիտացված մարզադահլիճ, աթլետիկայի 2 մանեժ, 1-ական լողավազան, մարզադաշտ, 3 հրաձգարան, ուսումնական եւ ննջարանային մասնաշենքեր: Մարզիչ-մանկավարժների միջին աշխատավարձը 33 հազար դրամ է, իսկ 20 տարուց ավելի աշխատանքային ստաժով մասնագետներինը` 42 հազար դրամ (մոտ 140 ԱՄՆ դոլար): 90-ականների սկզբներին երկրում աթլետիկա էր պարապում ավելի քան 12 000 մարզիկ-մարզուհի: Այդ թիվն այսօր նվազել եւ կազմում է ընդամենը 2411 մարդ: Էլ չենք խոսում խաղային մարզաձեւերով պարապողների խիստ սակավ քանակի մասին. բասկետբոլ` 3419, վոլեյբոլ` 1549, հանդբոլ` 880:
Նոյյան տապան  -   Սպորտ