ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 1-ին սաների
առջեւ իրենց դռները բացեցին նաեւ Հայաստանի մարզադպրոցները: Ինչպես
«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Սպորտի եւ երիտասարդության
հարցերի նախարարության Մարզական հերթափոխի պատրաստման աշխատանքների
կազմակերպման բաժնի պետ Սամսոն Հակոբյանը, Հայաստանում գործում են
165 մարզադպրոցներ (այդ թվում 49-ը` Երեւանում), որտեղ աշխատում են
1814 մարզիչներ (729-ը` Երեւանում): 43 մարզաձեւերով պարապող 43471
մարզիկ-մարզուհիներից 17212-ը բնակվում են մայրաքաղաքում:
Հայաստանի 927 համայնքներից մարզադպրոցներ կան 56-ում:
Հանրապետության հանրակրթական դպրոցների 650 000 աշակերտներից
մարզադպրոց է հաճախում ընդամենը 6,8 տոկոսը:
Առավել մասսայականություն վայելող մարզաձեւերն են ըմբշամարտը`
7452 պարապող, ֆուտբոլը` 5631, բռնցքամարտը` 3314, ծանրամարտը`
2599, ձյուդոն` 2169 պարապող:
2001-2007թթ. սոցհիմնադրամի, պետբյուջեի եւ «Հայաստան»
համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվել եւ վերանորոգվել է
38 մարզադպրոցների օլիմպիական հերթափոխի 2 քոլեջների եւ մարզական
հասարակական այլ կազմակերպությունների 52 մասնագիտացված
մարզադահլիճ, աթլետիկայի 2 մանեժ, 1-ական լողավազան, մարզադաշտ, 3
հրաձգարան, ուսումնական եւ ննջարանային մասնաշենքեր:
Մարզիչ-մանկավարժների միջին աշխատավարձը 33 հազար դրամ է, իսկ
20 տարուց ավելի աշխատանքային ստաժով մասնագետներինը` 42 հազար
դրամ (մոտ 140 ԱՄՆ դոլար):
90-ականների սկզբներին երկրում աթլետիկա էր պարապում ավելի
քան 12 000 մարզիկ-մարզուհի: Այդ թիվն այսօր նվազել եւ կազմում է
ընդամենը 2411 մարդ: Էլ չենք խոսում խաղային մարզաձեւերով
պարապողների խիստ սակավ քանակի մասին. բասկետբոլ` 3419, վոլեյբոլ`
1549, հանդբոլ` 880: