«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԵՐԻՑ ՄԵԿԸ
ՆՎԻՐՎԱԾ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
18-06-2008 18:50:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Ոսկե ծիրան»
կինոփառատոնի հոբելյանական ծրագրերից մեկն ամբողջապես նվիրվելու է
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին: Հայ հանդիսատեսը այդ օրերին
առաջին անգամ հնարավորություն կունենա դիտել 1940-ականներին
Հոլիվուդում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված
երեք կինոնկարները, ինչպես նաեւ մեծ գրողի նկարահանած «Լավ գործը»
կարճամետրաժ 10 րոպեանոց ֆիլմը:
Ինչպես հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց
կինոգետ Արծվի Բախչինյանը, Վիլյամ Սարոյանը իր ստեղծագործական
կյանքը սկսել է Հոլիվուդի ոսկեդարի ժամանակաշրջանում: Ամերիկահայ
մեծանուն գրողը սերտ առնչություններ է ունեցել կինոարվեստի հոտ: Նա
հանդես է եկել նաեւ որպես կինոքննադատ եւ կինոբեմադրիչ: 1943
թվականին Սարոյանը «Մարդկային կատագերգություն» ֆիլմի լավագույն
սցենարի համար արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»
մրցանակին: Սարոյանի գործերի հիման վրա ստեղծվել են 15-ից ավելի
անիմացիոն եւ խաղարկային ֆիլմեր, իսկ հեռուստաֆիլմերն ու
ներկայացումները հասնում են մի քանի տասնյակի:
Փառատոնի օրերին Հայաստան կժամանի նաեւ Հարավային
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, սարոյանագետ Տիգրան
Գույումջյանը, ով հանդես կգա «Սարոյանը եւ կինեմատոգրաֆիան»
թեմայով դասախոսությամբ: Այդ օրերին տեղի կունենա նաեւ Արծվի
Բախչինյանի կազմած «Չորս տեսիլք. Սարոյանը եւ Հոլիվուդի
դերասանուհիները» գրքույկի շնորհանդեսը: