ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ, ՔԱՆ<br /> ԱՐՏԵՐԿՐՈՒՄ<br />


ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ, ՔԱՆ
ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

  • 26-03-2008 20:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորումը նպաստում է Հայաստանում գների աճի զսպմանը, ինչով, մասնավորապես, բացատրվում են այլ երկրների համեմատ գների աճի ցածր տեմպերը: Այս մասին հայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ներսես Երիցյանը` խմբի մարտի 26-ի նիստում: Նշենք, որ աշխատանքային խումբն ստեղծվել է 2007թ.-ի դեկտեմբերին` ՀՀ վարչապետի հանձնարարականով: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Վահրամ Ղուշչյանը նշեց, որ մոնիտորինգի են ենթարկվել սպառողական զամբյուղում ներառված առաջին անհրաժեշտության 6 ապրանքատեսակների` հացահատիկի, ալյուրի, ձեթի, շաքարավազի, կարագի եւ բրնձի, գները: Նրա տվյալներով, այս տարվա փետրվարին 2007թ.-ի փետրվարի համեմատ արձանագրվել է հացահատիկի 26,1%, արեւածաղկի ձեթի 46,9%, բրնձի 12,1%, ալյուրի 32,5%, պանրի 5,6% գների աճ: Կարագի եւ շաքարավազի գները նվազել են, համապատասխանաբար, 4,9%-ով եւ 16,3%-ով: Այս տարվա մարտի 25-ին փետրվարի նկատմամբ հացի գինն աճել է 13%-ով, ալյուրի գինը` 9,7%-ով, կլորավուն բրնձի գինը` 29,6%-ով. իսկ երկարավուն բրնձի գինը նվազել է 15%-ով: Բուսական յուղի որոշ տեսակների գները նվազել են մինչեւ 6,5%-ով, մյուսների գներն աճել են մինչեւ 5,8%-ով, կարագի որոշ տեսակների գներն աճել են մինչեւ 2,1%-ով, մյուսների գները` նվազել մինչեւ 3%-ով: Շաքարավազի գինն աճել է 5,9%-ով: Նշվեց նաեւ, որ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով 2007թ.-ին սննդամթերքի (այդ թվում` նշված աշխատանքային խմբի կողմից մոնիտորինգի ենթարկված ապրանքների) գները միջազգային շուկայում եւս աճել են, իսկ սննդամթերքի գների միջին ինդեքսը կազմել է 157%`, ինչը 23%-ով բարձր է 2006թ.-ի ցուցանիշից: Մասնավորապես, եթե 2007թ.-ի դեկտեմբեր - 2008թ.-ի հունվար ժամանակահատվածում ցորենի 1 տոննայի միջազգային գինը կազմել է շուրջ 370 դոլար, ապա փետրվարի 27-ին արդեն` 446 դոլար, իսկ մայիսի համար հայտարարված ֆյուչերային գործարքներով` 540 դոլար: 2007թ.-ին Թայլանդում բրնձի 1 տոննայի միջին գինը կազմել է 500 դոլար, իսկ Չիկագոյի ապրանքային բորսայում այն հասել է 400 դոլարի, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է ավելի քան 75%-ով: FAO-ի տվյալներով, համաշխարհային շուկայում գրանցվել է նաեւ կարագի 50% եւ կաթնամթերքի 80% գների աճ: Փոխնախարարի խոսքերով, միջազգային փորձագետների գնահատականների համաձայն, սննդամթերքի միջազգային գների աճի հիմնական պատճառը նավթի միջազգային գների աննախադեպ աճն է եւ դրանով պայմանավորված` կենսավառելիքի արտադրության ծավալների աճը, ինչն իր հերթին նպաստել է հացահատիկի, ճակնդեղի, սոյայի գների կայուն բարձր մակարդակի պահպանմանը: Նշված գների աճին նպաստում է նաեւ սննդամթերքի սպառման ծավալների աճը, ինչը հիմնականում պայմանավորված է զարգացող երկրներում, հատկապես, Չինաստանում եւ Հնդկաստանում սննդամթերքի սպառման աճի հետ: Ընդ որում, արձանագրվող բոլոր ցուցանիշերը կանխատեսում են, որ գնաճը մինչեւ 2020թ.-ը շարունակական միտում է ունենալու: Ըստ փոխանախարի, FAO-ի կանխատեսումներով, համաշխարհային պարենային ապահովության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է մոտ 500 մլն դոլար: Նշվեց, որ Հայաստանի պարենային անվտանգության եւ ներքին գների պաշտպանության համար ՀՀ կառավարությունը ձեռնարկում է պարենամթերքի ներքին արտադրության խթանմանը նպաստող քայլեր: Այդ նպատակով 2008թ.-ին նախատեսվել է գյուղատնտեսության բյուջետային սուբսիդավորում` 1 մլրդ 600 մլն դրամ (մոտ 5,2 մլն ԱՄՆ դոլար) ծավալով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play