ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԴՈՒԺԻ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐ
29-02-2008 17:30:00 | | Միջազգային
ԳԱԶԱ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին երկու օրերին Գազայի
հատվածում իսրայելական օդուժի ռմբակոծության հետեւանքով զոհվել է
32 մարդ: Զոհվածների թվում, բացի ՀԱՄԱՍ-Ի գրոհայիններից, կան մի
քանի խաղաղ քաղաքացիներ եւ երեխաներ, հաղորդում է BBC-ն:
Հինգշաբթի ցերեկը իսրայելական օդուժի հասցրած հարվածի
արդյունքում զոհվել են չորս երեխաներ: Գազայից ստացված
տեղեկատվությամբ, մինչեւ 12 տարեկան երեխաները իսրայելցիների
հարձակման ժամանակ խաղալիս են եղել փախստականների ճամբարի
տարածքում, մզկիթի մոտ:
Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ
հարվածի նշանակետ են եղել հրթիռների արձակման կայանքները:
Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին ի
պատասխան պաղեստինցի գրոհայինների կողմից երկրի հարավային
շրջանների գնդակոծության, ինչի հետեւանքով զոհվել էր մեկ
իսրայելցի: