ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԴԵՄ ԳՈՐԾԸ ԼԵՎՈՆ<br /> ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՏ Է<br />


ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵԻ ԴԵՄ ԳՈՐԾԸ ԼԵՎՈՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄՈՏ Է

  • 09-11-2007 16:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ղարաբաղ» կոմիտեի դեմ քրեական գործի հատորները դեռեւս 1996 նոյեմբերի 6-ին այն ժամանակվա քննչական մասի պետը գլխավոր դատախազի հանձնարարությամբ արխիվից ստացել եւ հանձնել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին Նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պատասխանելով քրեական գործի անհետանալու կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ հարցին: Ըստ նրա, ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ առաջին նախագահին` խնդրելով վերադարձնել քրեական գործը դատախազություն: «Օրենքով արգելված է, որ քրեական գործերը քննող մարմնից հանձնվեն մեկ ուրիշ մարմնի, նույնիսկ հանրապետության նախագահը իրավունք չունի քրեական գործերը պահանջել եւ իր մոտ պահել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը` հավելելով. «Կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան խոհեմ կգտնվի, որ գործը կվերադարձնի դատախազություն»: «Հայոց համազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հերքեց ՀՀ գլխավոր դատախազի հայտարարությունը` ասելով, որ «դա չի համապատասխանում իրականությանը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն