ՊՌՈՇՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ<br /> ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ<br />


ՊՌՈՇՅԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

  • 24-09-2007 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կանադահայ բարերարներ Նիկոլ եւ Զաբել Աբրահամյանների ֆինանսական աջակցությամբ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կառուցվել է արցախյան պատերազմում զոհված պռոշյանցի ազատամարտիկների հուշահամալիրը: Հուշարձանը նախագծել է ճարտարապետ Թելման Գեւորգյանը: Ինչպես սեպտեմբերի 23-ին հուշահամալիրի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, սա մեկ անգամ եւս վկայում է, որ ժողովուրդը ոչ միայն չի մոռացել իր հերոսներին, այլեւ ամեն ինչ անում է նրանց անունը սերունդների հիշողության մեջ միշտ վառ պահելու համար: «Այս տղաները զոհվել են ոչ թե իրենց գյուղի, այլ հայ ժողովրդի եւ պետության համար»,- նշեց Վ.Հովհաննիսյանը` հավելելով, որ հայ ժողովուրդը այսօր էլ այնքան մարտունակ է, որ ցանակացած պահի կարող է ոտքի կանգնել եւ պաշտապնել հայրենիքի սահմանները: Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի խոսքերով, մոտ 15 տարի պռոշյանցիները սպասել են տարբեր պատճառներով ձգձգվող հուշարձանի կառուցմանը: «Հետագա սերունդները գալով այս պանթեոն մեկ անգամ եւս կգիտակցեն, թե ինչ գնով է ազատագրվել Արցախը: Մենք հպարտանում ենք մեր հերոսներով, եւ փառք այն ժողովրդին, որը չի մոռանում իր հերոսներին»,- ասաց նա: Ի դեպ, Պռոշյան գյուղում բնակություն հաստատած կանադահայ Աբրահամյանների ընտանիքը Հայաստանում իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր: Նրանց աջակցությամբ Պռոշյանում կառուցվում է մարզադպրոց, վերանորոգվում է գյուղի բուժկենտրոնը, շուտով կսկսվեն նաեւ գյուղի մանկապարտեզի եւ դպրոցի վերանորոգման աշխատանքները:
Նոյյան տապան  -   Հասարակություն