ՊՌՈՇԵԱՆ ԳԻՒՂՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՈՒԱԾ<br /> ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՅՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ<br />


ՊՌՈՇԵԱՆ ԳԻՒՂՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԱՐՑԱԽԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՈՒԱԾ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՅՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ

  • 24-09-2007 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կանադահայ բարերարներ Նիկոլ եւ Զաբել Աբրահամեանների ֆինանսական աջակցութեամբ Կոտայքի մարզի Պռոշեան գիւղում կառուցուել է արցախեան պատերազմում զոհուած պռոշյանցի ազատամարտիկների յուշահամալիրը: Յուշարձանը նախագծել է ճարտարապետ Թելման Գեւորգեանը: Ինչպէս սեպտեմբերի 23-ին յուշահամալիրի բացման արարողութեան ժամանակ նշեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Յովհաննիսեանը, սա մէկ անգամ եւս վկայում է, որ ժողովուրդը ոչ միայն չի մոռացել իր հերոսներին, այլեւ ամէն ինչ անում է նրանց անունը սերունդների յիշողութեան մէջ միշտ վառ պահելու համար: «Այս տղաները զոհուել են ոչ թէ իրենց գիւղի, այլ հայ ժողովրդի եւ պետութեան համար»,- նշեց Վ.Յովհաննիսեանը` յաւելելով, որ հայ ժողովուրդը այսօր էլ այնքան մարտունակ է, որ ցանակացած պահի կարող է ոտքի կանգնել եւ պաշտապնել հայրենիքի սահմանները: Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրադեանի խօսքերով, մօտ 15 տարի պռոշյանցիները սպասել են տարբեր պատճառներով ձգձգվող յուշարձանի կառուցմանը: «Յետագայ սերունդները գալով այս պանթեոն մէկ անգամ եւս կգիտակցեն, թէ ինչ գնով է ազատագրուել Արցախը: Մենք հպարտանում ենք մեր հերոսներով, եւ փառք այն ժողովրդին, որը չի մոռանում իր հերոսներին»,- ասաց նա: Ի դէեպ, Պռոշեան գիւղում բնակութիւն հաստատած կանադահայ Աբրահամեանների ընտանիքը Հայաստանում իրականացնում է տարբեր բարեգործական ծրագրեր: Նրանց աջակցութեամբ Պռոշյանում կառուցւում է մարզադպրոց, վերանորոգւում է գիւղի բուժկենտրոնը, շուտով կսկսուեն նաեւ գիւղի մանկապարտէզի եւ դպրոցի վերանորոգման աշխատանքները:
  -   Հասարակութիւն