ՀՀ-Ի ԵՎ ԳԴՀ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
12-09-2007 17:36:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 12-ին
Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ կնքվեց
միջկառավարական համագործակցության զարգացման համաձայնագիր:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար
Վարդան Խաչատրյանը եւ ԳԴՀ-ի Տնտեսական համագործակցության եւ
զարգացման նախարարության Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի
բաժնի ղեկավար Ռոլֆ Բալդուսը:
Ըստ համաձայնագրի, ԳԴՀ-ի կառավարությունը 2007-2008թթ.-ին
Հայաստանին կտրամադրի 79,5 մլն եվրո, որից 74 մլն եվրոն ուղղված
կլինի ֆինանսական համագործակցության, իսկ 5,5 մլն եվրոն`
տեխնիկական աջակցության ծրագրերին:
Ինչպես նշեց Վ.Խաչատրյանը, ֆինանսավորումը նպատակաուղղվելու է
Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ հիպոթեքային
վարկավորման զարգացմանը, Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի եւ
Գյումրիի բարձրավոլտ 2-րդ ենթակայանի վերականգնմանը եւ այլ
հիմնախնդիրների լուծմանը:
Ռ.Բալդուսի խոսքերով, գերմանական կողմը պատրաստակամություն է
հայտնել նաեւ 2009թ.-ին սկսել «Զարգացմանն ուղղված համայնքային
կառավարում» ծրագիրը, որի համար կտրամադրվի ընդհանուր առմամբ 3,5
մլն եվրո:
Նշենք, որ երկու երկրների կառավարությունների միջեւ տնտեսական
համագործակցությունն իրականացվում է 1993թ.-ից, որի ընթացքում
Գերմանիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 200 մլն
եվրո: