ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՎԵՆ<br /> «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ ԵՎ «ԱԼՄԱՍՏՈՒՄ»<br />


ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՎԵՆ
«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ»-ՈՒՄ ԵՎ «ԱԼՄԱՍՏՈՒՄ»

  • 07-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի մշակած մոլիբդենի մանրափոշիների ստացման տեխնոլոգիաները նախատեսվում է կիրառել մոլիդբդենի համաձուլվածքներ արտադրող «Մաքուր երկաթի գործարան»-ում: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Ինստիտուտի Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) կինետիկայի լաբորատորիայի եւ Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Խառատյանը: Նրա խոսքերով, ինստիտուտը մշակել է մոլիբդենի օքսիդից մաքուր մոլիբդենի եւ մոլիբդենի դիսիլիցիդի մանրափոշիների ստացման տեխնոլոգիաներ, որոնց փոխանցման ուղղությամբ բանակցություններ է սկսել գործարանի հետ: Ս.Խառատյանը հույս հայտնեց, որ նշված մանրափոշիների արտադրությունը կկազմակերպվի «Մաքուր երկաթի գործարան»-ում: «Եթե մենք համեմատում ենք մոլիբդենի մանրափոշու ստացման տեխնոլոգիաները, ապա մեր տեխնոլոգիան, որը հիմնված է ԲԻՍ պրոցեսների վրա, բարդ եւ թանկ է: Բայց մեր տեխնոլոգիայով ստացվող նյութի մաքրությունը շատ ավելի բարձր է, հետեւաբար, այն մի քանի անգամ թանկ է, քան այլ տեխնոլոգիաներով ստացվողները: Նշվեց, որ ինստիտուտի մշակած տեխնոլոգիաներով ստացվող նիկելի եւ կոբալտի մանրափոշիները որոշակի փորձաքանակներով սկսել են օգտագործվել Երեւանի «Ալմաստ» գործարանում` կտրող գործիքների արտադրության մեջ: Այդ մանրափոշիները գործարանի կողմից օգտագործվում են նաեւ որպես արհեստական ալմաստների սինթեզի կատալիզատոր: Ս.Խառատյանը հույս հայտնեց, որ ինստիտուտի համագործակցությունը «Ալմաստի» հետ կընդլայնվի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն