2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ<br /> ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ
ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԿՐԿՆԱՊԱՏԿՎԵՆ

  • 06-09-2007 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կանխատեսվում է, որ 2007թ.-ի արդյունքներով նախորդ տարվա համեմատ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալները առնվազն կկրկնապատկվեն: Այս մասին սեպտեմբերի 6-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանը: Նշենք, որ 2006թ.-ին ՀՀ բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 23 մլրդ 770 մլն 50 հազար դրամ (ավելի քան 57 մլն 134 հազար ԱՄՆ դոլար) կամ նախորդ տարվա համեմատ 114%-ով ավելի: Դ.Սարգսյանի խոսքերով, այս տարվա անցած ամիսներին առաջանցիկ աճ է արձանագրվել նաեւ սպառողական, առեւտրի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների վարկավորման ուղղություններով: Մասնավորապես, արդյունաբերության եւ գյուղատնտեսության վարկավորման ծավալներն աճել են 27-35-ական տոկոսով: Ըստ ՀՀ ԿԲ ներկայացուցչի, այդ ոլորտների վարկավորման ծավալների աճի տեմպերը կպահպանվեն մինչեւ այս տարեվերջ: նշենք, որ 2006թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդյունաբերության ճյուղին տրամադրված 39 մլրդ 263 մլն 980 հազար դրամ գումարը մեկ տարվա ընթացքում աճել էր 0,4%-ով, իսկ գյուղատնտեսության ճյուղի պարագայում 14 մլրդ 196 մլն 429 հազար դրամ գումարը մեկ տարվա ընթացքում աճել էր 25,6%-ով: Այս տարվա հունվար-հունիսին վարկավորման տոկոսադրույքների միջին նվազումը, ըստ Դ.Սարգսյանի, կազմել է 0,5%. եթե բիզնեսի վարկավորումը 2006թ.-ին իրականացվում էր 15% միջին տոկոսադրույքով, ապա ներկայումս այդ ցուցանիշը 14-14,2% է, իսկ սպառողական վարկավորման տոկոսադրույքները 21-21,5%-ից նվազել են մինչեւ 19%:
Նոյյան տապան  -   Տնտեսություն