2007 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ<br /> ՀԱՏՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՎԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԸ,<br /> ՌՈՒՍԱՏԱՆԸ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՆ<br />


2007 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ
ՀԱՏՎԱԾ ԱՄԵՆԱՄԵԾ ԾԱՎԱԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԸ,
ՌՈՒՍԱՏԱՆԸ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՆ

  • 04-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկյա ներդրումների ընդհանուր ծավալում առաջատարը Լիբանանն է` մոտ 84 մլն դոլար ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 69,3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ռուսաստանն այդ ժամանակահատվածում կատարել է շուրջ 74 մլն դոլարի ներդրումներ, որոնց ծավալը նախորդ տարվա հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցում է 3,8 անգամ: Արգենտինյան ներդրումների ծավալն այս տարվա առաջին վեց ամիսներին կազմել է ավելի քան 23,5 մլն դոլար` 2006թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճելով 36,8%-ով: Մյուս խոշոր ներդրողներն են Կիպրոսը` շուրջ 7,2 մլն դոլար (աճել է 2 անգամ), Վիրջինյան կղզիները` ավելի քան 6,8 մլն դոլար (2006թ.-ի առաջին կիսամյակում այդ երկրից ներդրումներ չեն եղել), Ֆրանսիան` շուրջ 10,5 մլն դոլար (աճը` 2,3 անգամ), ԱՄՆ-ը` շուրջ 11,3 մլն դոլար (նվազել է 24%-ով), Գերմանիան` մոտ 3,6 մլն դոլար (նվազել է 70,5%-ով) եւ Մեծ Բրիտանիան` մոտ 6,4 մլն դոլար (աճը` 5 անգամ): Լիբանանի ներդրումները 2007թ.-ի առաջին կիսամյակում համարյա ամբողջությմբ կատարվել են կապի ոլորտում: Ռուսաստանի ներդրումներն այդ ոլորտում կազմել են շուրջ 38 մլն դոլար, ֆինանսական միջնորդության ոլորտում` մոտ 8,2 մլն դոլար, մետաղագործական արդյունաբերությունում` մոտ 16,1 մլն դոլար: Հայաստանում Արգենտինայի կատարած ներդրումներից շուրջ 23 մլն դոլարը կատարվել է օդային տրանսպորտի, իսկ շուրջ 1,1 մլն դոլարը` օժանդակ եւ լրացուցիչ տրանսպորտային գործունեության ոլորտներում: Կիպրոսը շուրջ 4,8 մլն դոլար ներդրում է կատարել մեծածախ եւ գործակալների միջոցով առեւտրի, եւս մոտ 2,4 մլն դոլարի` շինարարության ոլորտներում: Վիրջինյան կղզիներից Հայաստանում կատարված ներդրումներն ամբողջությամբ կատարվել են հյուրանոցային եւ ռեստորանային ծառայությունների ոլորտում: Ֆրանսիական ներդրումներից 10,1 մլն դոլարն ուղղվել է սննդամթերքի, ներառյալ` խմիչքների, արտադրության ոլորտ: ԱՄՆ-ի ներդրումներից շուրջ 4,3 մլն դոլարն ուղղվել է հաշվողական տեխնիկայի հետ կապված գործունեության, ավելի քան 1,9 մլն դոլարը` հետազոտությունների եւ մշակումների, 3,3 մլն դոլարը` սպառողներին «այլ տեսակի» ծառայությունների մատուցման ոլորտներում: Գերմանիայի կատարված ներդրումներն ուղղվել են Հայաստանի հանքագործական արդյունաբերություն, իսկ Մեծ Բրիտանիայինը` ֆինանսական միջնորդության (շուրջ 4,7 մլն դոլար), ռադիոյի, հեռուստատեսության եւ հեռահաղորդակցության համար սարքավորանքի արտադրության (մոտ 0,9 մլն դոլար) ու հրատարակչական եւ պոլիգրաֆիական գործունեության, գրանցված տեղեկատվություն պարունակող կրիչների բազմացման ոլորտներ (մոտ 0,5 մլն դոլար):
Նոյյան տապան  -   Տնտեսություն