ՏԻԳՐԱՆ ՔՅՈՍԱՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԻՐ<br /> ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՏԻԳՐԱՆ ՔՅՈՍԱՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՎԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ԻՐ
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

  • 28-08-2007 17:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը հրավիրվել է Մոսկվայի դատախազություն ցուցմունքներ տալու` ազգամիջյան թշնամանք բորբոքելու կասկածով: Ինչպես հայտնել է ռեժիսորի փաստաբան Պավել Աստախովը, «գլխավոր դատախազ Յուրի Չայկան դիմում է ստացել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրյանովիչից, որով պահանջվում է քրեական պատասխանատվության ենթարկել Տիգրան Քյոսայանին» REN-TV ալիքով հեռարձակվող «Երեկո Տիգրան Քյոսայանի հետ» հեռուստածրագրի եթերում ռեժիսորի արտահայտությունների առնչությամբ, հաղորդում է «Էխո Մոսկվին»: Պատգամավորի պնդմամբ` հունիսյան հաղորդումներից մեկի ժամանակ Քյոսայանը «ռուս ազգության անձանց նկատմամբ բռնի գործողությունների եւ նրանց քարածեծ անելու կոչեր է արել», հաղորդում 1 «Ինտերֆաքսը»: Ինչպես հայտնել է Աստախովը, Քյոսայանը, եթերում իր մանկության մասին պատմելիս, դեպք է հիշել, «երբ բակում իրեն նեղացրել են, ազգությունը նշելով եւ նվաստացնելով»: «Իր հայրը` Էդմոնդ Քյոսայանը ասել է. «Եթե նա քեզնից բարձրահասակ է եւ խոշոր, քարը վերցրու եւ գլխին տուր»,- նկատել է փաստաբանը:- Տիգրանը միեւնույն ժամանակ ասել է, որ երբեք այդպես չի վարվել եւ չի վարվելու: Պատգամավորին թվացել է, որ նա ռասայական ազգային թշնամանքի կոչ է արել, «ռուսներին քարով խփելու» կոչ: Ցուցմունքներ տալուց հետո «որոշում կընդունվի, քրեական գործ հարուցել թե ոչ», պարզաբանել է Աստախովը: Նա ավելացրել է, որ արդեն «հարցաքննվել են հեռուստաալիքի ներկայացուցիչները», որի եթերում հեռարձակվում է Քյոսայանի հաղորդումը, ինչպես եւ այն «պրոդյուսերական ընկերության աշխատակիցները, որը թողարկում է այդ ծրագիրը»:
Նոյյան տապան  -   Միջազգային