ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
ՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ
16-08-2007 21:10:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոչ միայն տնտեսագիտական,
այլեւ այլ ոլորտների բարձրագույն կրթության ասպարեզում «աղետալի
վիճակ է կոռուպցիայի առումով»: Օգոստոսի 16-ի ասուլիսի ժամանակ այս
կարծիքը հայտնեց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը,
հավելելով. «Ցավոք, քիչ թվով կոլեգաներ ունեմ, ովքեր կաշառք չեն
վերցնում. սա հիվանդություն է, որով նոր կադրեր կրթել չի կարելի»:
Բացի այդ, ըստ նրա, ավագ եւ միջին սերնդի տնտեսագետ-դասախոսները
մասնագիտացած են սոցիալիզմի տնտեսագիտության ոլորտում, եւ իրենց
տեղը չեն զիջում շուկայական տնտեսագիտությանը տիրապետող
մասնագետներին:
Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, Թ.Մանասերյանը
համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կրթության ոլորտն արմատական
բարեփոխման կարիք ունի, մոտավորապես այնպիսի բարեփոխումների,
ինչպիսիք իրականացվեցին Վրաստանի մաքսային եւ պետավտոտեսչության
կառույցներում: «Մի գեղեցիկ օր երկրի ղեկավարը պետք է ցանկանա դա
անել»,- նշեց տնտեսագետը:
Ըստ Թ.Մանասերյանի, Հայաստանում կան գործարարներ, որոնք
ցանկանում են օգտագործել շուկայական տնտեսագիտական գիտելիքների
պաշար ունեցող երիտասարդ մասնագետների ներուժը: Նա կրթական
համակարգի զարգացումը կապեց Հայաստանում գիտելիքի վրա հիմնված
կառավարման ոճի արմատավորման հետ, ինչը կխթանի շուկայական
տնտեսությանը հարիր գիտելիքներ ունեցողների պահանջարկը: Ըստ նրա,
ներկայումս հանրապետության բուհերը պետպատվերի շրջանակներում
ավարտող կադրերի մեծամասնությունն աշխատանք չի գտնում, ինչը
նշանակում է բյուջետային միջոցների զուր ծախս: