ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ<br /> ՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ
ՈՒՆԻ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ

  • 16-08-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոչ միայն տնտեսագիտական, այլեւ այլ ոլորտների բարձրագույն կրթության ասպարեզում «աղետալի վիճակ է կոռուպցիայի առումով»: Օգոստոսի 16-ի ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, հավելելով. «Ցավոք, քիչ թվով կոլեգաներ ունեմ, ովքեր կաշառք չեն վերցնում. սա հիվանդություն է, որով նոր կադրեր կրթել չի կարելի»: Բացի այդ, ըստ նրա, ավագ եւ միջին սերնդի տնտեսագետ-դասախոսները մասնագիտացած են սոցիալիզմի տնտեսագիտության ոլորտում, եւ իրենց տեղը չեն զիջում շուկայական տնտեսագիտությանը տիրապետող մասնագետներին: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, Թ.Մանասերյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կրթության ոլորտն արմատական բարեփոխման կարիք ունի, մոտավորապես այնպիսի բարեփոխումների, ինչպիսիք իրականացվեցին Վրաստանի մաքսային եւ պետավտոտեսչության կառույցներում: «Մի գեղեցիկ օր երկրի ղեկավարը պետք է ցանկանա դա անել»,- նշեց տնտեսագետը: Ըստ Թ.Մանասերյանի, Հայաստանում կան գործարարներ, որոնք ցանկանում են օգտագործել շուկայական տնտեսագիտական գիտելիքների պաշար ունեցող երիտասարդ մասնագետների ներուժը: Նա կրթական համակարգի զարգացումը կապեց Հայաստանում գիտելիքի վրա հիմնված կառավարման ոճի արմատավորման հետ, ինչը կխթանի շուկայական տնտեսությանը հարիր գիտելիքներ ունեցողների պահանջարկը: Ըստ նրա, ներկայումս հանրապետության բուհերը պետպատվերի շրջանակներում ավարտող կադրերի մեծամասնությունն աշխատանք չի գտնում, ինչը նշանակում է բյուջետային միջոցների զուր ծախս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն