ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄՇԱԿԵԼ ՏԵԽՆՈՊԱՐԿԵՐԻ, ԻՆԿՈՒԲԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ,- ԳՏՆՈՒՄ Է «ՎԻԱՍՖԵՐ
ՏԵԽՆՈՊԱՐԿ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ
16-08-2007 20:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բարձր
տեխնոլոգիաների ոլորտ ներդրումների ներհոսքը եւ նոր տեխնոլոգիաների
մուտքը խթանելու համար անհրաժեշտ է տեխնոպարկերին տրամադրել հատուկ
տնտեսական գոտու կարգավիճակ, ինչպես նաեւ մշակել տեխնոպարկերի,
ինկուբատորների, հատուկ տնտեսական գոտիների մասին օրենսդրություն:
Այս կարծիքը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց
«Վիասֆեր Տեխնոպարկ»-ի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանը:
«Խոսքը վերաբերում է նշված կառույցների ոչ միայն հարկային եւ
մաքսային առավելություններին, այլեւ դրանց գործունեության զուտ
կանոնադրական խնդիրներին»,- նշեց Ա.Վարդանյանը: Նա հավելեց, որ
«Վիասֆեր Տեխնոպարկ»-ը ներկայումս գործում է առեւտրային
կազմակերպությունների օրենսդրական դաշտում` փակ բաժնետիրական
ընկերության կարգավիճակով, ինչը պարտադրում է տեխնոպարկի եւ
տեխնոպարկում գործող ընկերությունների միջեւ հարաբերությունները
կառուցել առեւտրային հիմունքներով: Նշվեց, որ տեխնոպարկն այդ
ձեռնարկություններին տրամադրում է ծառայություններ (նաեւ
կոմունալ), տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվություն, որոնց
տրամադրումը առեւտրային հիմունքներով աննպատակահարմար է: