ԱՄՆ-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ<br />


ԱՄՆ-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ

  • 13-08-2007 18:18:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քրեական հետապնդում եւ մեծ չափերի տուգանքներ են սպասվում ամերիկյան այն կազմակերպություններին, որոնք աշխատանքով կապահովեն անօրինական ներգաղթյալներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը: Ըստ գործող նոր կանոնների, գործատուներին տրամադրվելու է 90 օր` իրենց աշխատողների` ԱՄՆ-ում գրանցման օրինականությունը ապացուցելու կամ նրանց աշխատանքից ազատելու համար: Հակառակ դեպքում գործատուները յուրաքանչյուր խախտման համար կտուգանվեն մինչեւ 12,5 հազար ԱՄՆ դոլարի չափով: Չի բացառվում, որ նրանք ենթարկվեն նաեւ քրեական պատասխանատվության: Նշվում է, որ այս նոր կանոնները կարող են բացասական ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների գյուղատնտեսության, շինարարության, ինչպես նաեւ սպասարկման ոլորտի վրա, քանի որ տնտեսության այս ճյուղերում հիմնականում աշխատում են անօրինական ներգաղթյալները: ԱՄՆ-ի առեւտրի նախարար Կառլոս Գուտերեսը նշելով, թե երկիրը կարող է լուրջ խնդիրներ ունենալ աշխատուժի հետ կապված, ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն կարող վերջ դնել անօրինական ներգաղթին. «Աշխատողների քանակը չի բավականացնի, որպեսզի պետության տնտեսությունը շարունակի տարեցտարի զարագանալ: Կոնգրեսը վաղ թե ուշ կընդունի սպառիչ օրենք ներգաղթի վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ-ի առեւտրի նախարարը: Նշենք, որ ամիսներ առաջ նախագահ Ջորջ Բուշը առաջարկել էր ԱՄՆ-ում բնակվող 12 մլն ներգաղթյալների կարգավիճակը օրինականացնելու վերաբերյալ մի օրնագիծ: Սենատորները, սակայն, դեմ էին քվեարկել օրինագծի ընդունմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային