ՀՈՒԼԻՍԻ 20-23-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ<br /> «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-2007» ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ<br />


ՀՈՒԼԻՍԻ 20-23-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-2007» ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

  • 23-07-2007 19:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԾԱՂԿԱՁՈՐ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ինտեգրման աջակցության «Մաստեր» կենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 20-23-ին Ծաղկաձորում անցկացվեց «Շինարարություն-2007» երրորդ միջազգային կոնգրեսը: Ըստ կենտրոնի փոխտնօրեն Արեւիկ Ավանեսովայի, կոնգրեսի շրջանակներում կազմակերպվեցին առանձին կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանի շինարարական համալիրի զարգացման ռազմավարությանը, ներդրումային քաղաքականությանը, շինանյութերի եւ տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը, միջտարածաշրջանային եւ միջազգային համագործակցությանը վերաբերող հրատապ խնդիրները: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը, ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը, ՀՀ Անշարժ գույքի պետական կոմիտեի Կադաստրային գնահատման եւ համակարգված դիտարկումների վարչության պետ Աշոտ Մուրադյանը եւ ուրիշներ: Ա.Ավանեսովայի խոսքերով, կոնգրեսի անցկացման հիմնական նպատակն էր նպաստել շինարարության ոլորտում գործող տեղական եւ արտերկրի կազմակերպություների միջեւ երկարատեւ գործարար կապերի հաստատմանը, ինչպես նաեւ պետական համապատասխան կառույցների հետ երկխոսության միջոցով` ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծմանը: ՀՀ Քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության, Հայաստանի Շինարարների միության պաշտոնական աջակցությամբ անցկացված կոնգրեսի աշխատանքներին մասնակցեցին ոլորտի ավելի քան 100 հայկական եւ շուրջ 20 կազմակերպություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից եւ Գերմանիայից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն