ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՍԿՍԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԳԱՂԹԱՃԱՄԲԱՐԻ ԳՐՈՀԸ
12-07-2007 18:54:00 | Լիբանան | Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 11-ին լիբանանյան
բանակը սկսել է երկրի հյուսիսում գտնվող Նահր ալ Բարիդ պաղեստինյան
գաղթաճամբարի գրոհը, որտեղ շարունակում են մնալ իսլամիստ
գրոհայինները: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Գործողությունը սկսվել է այսօր առավոտյան, որին մասնակցում են
ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաեւ մոտորանավակներ, որոնք փորձում
են ծովից փակել «Իսլամական Ֆաթհ» խմբավորման գրոհայինների նահանջի
ճանապարհը:
Ինչպես տեղեկացնում է «Կարմիր խաչ»-ը, հուլիսի 10-ին
գաղթաճամբարից դուրս են բերվել 200 փախստականներ, նույնքան էլ
շարունակում են մնալ այնտեղ:
Հիշեցնենք, որ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի
մերձակայքում կանոնավոր բանակի եւ «Իսլամական Ֆաթհ» խմբավորման
միջեւ կատաղի մարտերը սկսվել էին մայիսի 20-ին, որոնց համար պատճառ
էր դարձել բանկի կողոպուտի մեջ մեղադրվող խմբավորման ակտիվիստներից
մեկի ձերբակալությունը:
Նահր ալ Բարիդ պաղեստինյան գաղթաճամբարի մատույցներում մոտ
մեկամսյա կատաղի մարտերից հետո Լիբանանի պաշտպանության նախարար
Իլյաս Մուրրը հայտարարել էր, թե բանակը պաղեստինյան գաղթաճամբարում
ոչնչացրել է «Իսլամական Ֆաթհ»-ի բոլոր դիրքերը: Բանակի եւ
գրոհայինների միջեւ բախումների հետեւանքով զոհվել էր 86 զինծառայող
եւ 300-ից ավելի գրոհային: