ՊԱԿԻՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ՄԶԿԻԹԻ ԳՐՈՀԸ.
ՍՊԱՆՎԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
10-07-2007 21:20:00 | | Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 10-ին
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սկսված Կարմիր մզկիթի գրոհը
շարունակվում է: Մզկիթում կառավարության զորքերին շարունակում են
դիմադրություն ցույց տալ մի քանի հարյուր իսլամիստ ուսանողներ եւ
«Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ու «Թալիբան» շարժման հետ
կապ ունեցող գրոհայիններ:
Մզկիթի գրոհը սկսվել էր այսօր առավոտյան: 8 ժամ անց
զինվորականների ձեռքն էր անցել մզկիթի տարածքի 70%-ը: Մնացած մասը
շարունակում է մնալ լավ զինված գրոհայինների ձեռքում, որոնք որպես
կենդանի վահան են օգտագործում պատանդներին:
Տեղեկությունների համաձայն, հանձնվել է 50 գրոհային, նույնքան
էլ` սպանվել: Կա նաեւ 15 զոհ զինվորականների կողմից: Ինչպես
հայտնում են տեղական լրատվամիջոցները, սպանվել է իսլամիստների
առաջնորդ Աբդուլ Ռաշիդ Գազին:
Հիշեցնենք, որ Կարմիր մզկիթը Պակիստանի ոստիկանության եւ
զորքերի կողմից հուլիսի 3-ին շրջափակվել էր մզկիթի մեդրեսեի
ուսանողների եւ ներքին զորքերի ստորաբաժանման միջեւ տեղի ունեցած
բախումից հետո, ինչի հետեւանքով զոհվել էր 12 եւ վիրավորվել 150
մարդ: