ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ<br /> ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ<br />


ԲԵՌԼԻՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ
ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԿՈՂՄԻՑ

  • 10-07-2007 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայում մայիսի 5-ից սկսված հայկական ֆիլմերի ցուցադրությունն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանը: Կինոդիտումների միամսյակի վերջին օրերին կինոդահլիճում նույնիսկ նստատեղերը չեն բավականացրել: Այս մասին հուլիսի 9-ին մամլո ասուլիսում հայտարարեց կինոգետ Գարեգին Զաքոյանը, ով մասնակցել էր Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում անցկացված հայկական կինոյի միամսյակին: Գ.Զաքոյանը նշեց, որ ծրագիրն ընդգրկել է հայկական կինոյի ամբողջ պատմությունը` սկսած «Նամուս» ֆիլմից մինչեւ վերջին շրջանում նկարահանվածները: Ընդհանուր առմամբ, գերմանացի հանդիսատեսին ցուցադրվել է 20-30 ֆիլմ: Բացի տարբեր տարիների ազգային լավագույն ֆիլմերի ցուցադրությունից, նախագծի շրջանակներում անցկացվել են նաեւ պատմական, քաղաքական, գիտական քննարկում-դասախոսություններ, կլոր սեղաններ` նվիրված կինոյում Ցեղասպանության թեմային, Հայոց ցեղասպանությանը Գերմանիայի մասնակցությանը, ինչպես նաեւ հայկական կինոյի պատմությանը: «Հայկական կինոյի լավագույն նմուշները հիացրել էին օտարազգի հանդիսատեսին, որը մեծ ոգեւորությամբ մասնակցում էր նաեւ քննարկումներին»,- ասաց Գ.Զաքոյանը: Հայկական ֆիլմերն այժմ ցուցադրվում են Ֆրանկֆուրտում եւ Հալեում: Գ. Զաքոյանը հայտնեց, որ գերմանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆինանսական մի շարք խնդիրների լուծումից հետո ֆիլմերի ցուցադրման ծրագիրը շարունակել նաեւ հաջորդ տարի:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play