ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

  • 28-06-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մեծ քնարերգու Համո Սահյանի հուշատախտակը բացվեց հունիսի 28-ին Երեւանի Կասյան 3 հասցեում, որտեղ բանաստեղծն ապրել է 1960-73թթ.-ին: Հուշատախտակի հեղինակն է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, Հ.Սահյանի ինքնատիպ պոեզիան անվերջ արդիական է եւ հավերժ ուղեկիցն է մարդկայինի ու գեղեցիկի: Ըստ նրա, բանաստեղծը կարողացավ «նորոգել ու հարստացնել մեր բազմադարյան քնարերգությունը, եւ իր ստեղծագործություններով նոր խոսք ու նոր շունչ հաղորդել հայ գրականությանը»: «Համո Սահյան» մշակութային կենտրոնի տնօրեն Շչորս Դավթյանը նշեց, որ Հ.Սահյանը նորագույն շրջանի հայ բանաստեղծության նորարարը եղավ: Նրա բնորոշմամբ, մարդու եւ բնության փոխհարաբերությունների գեղագիտական եւ փիլիսոփայական մեկնաբանություններով Հ.Սահյանը ընդարձակեց բնության տեղը ժամանակակից քաղաքակրթության զարգացման մեջ: «Իր ստեղծագործության հսկայական նշանակությամբ, լեզվական կատարելությամբ Հ.Սահյանը իր դասակական կեցվածքով մտել է բանաստեղծական ուղեծիր` շփման եզրեր ունենալով հին եւ ժամանակակից խոշորագույն քնարերգուների հետ»,- նշեց Շ.Դավթյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ