ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԳԻՉ ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԸ

  • 01-05-2007 20:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ավելի քան 10 տարվա ընմիջումից հետո Հայաստան է այցելել ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը: Հայտնի երգիչը ապրիլի 29-30-ը համերգներ է ունեցել Երեւանում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Մ.Յորգանցը, երեւանյան համերգները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Հայաստանում սիրում են իր երգերը: Նրա խոսքերով, հաշվի առնելով այդ հանգամանքը, նախատեսվում է սեպտեմբերին նոր համերգներ կազմակերպել հայրենիքում: Մ.Յորգանցը նշեց, որ այսօր Երեւանը բոլորովին այլ պատկեր ունի: Վերջին տարիներին կառուցված բնակելի շենքերը, ռեստորաններն ու հյուրանոցները, ըստ նրա, ավելի են գեղեցկացնում Երեւանը: Երգիչը համոզված է, որ եթե այս տենդենցը շարունակվի, ապա մի քանի տարի հետո Երեւանը կհամեմատեն եվրոպական մայրաքաղաքների հետ: Ըստ նրա, ուրախալի է նաեւ այն, որ սփյուռքահայերը վերջին տարիներին ավելի շատ են գալիս հայրենիք, եւ շատերը նույնիսկ ցանկություն ունեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Անդրադառանալով իր երգարվեստին, Մ.Յորգանցը նշեց, որ երկու տարին մեկ հայերենով, ֆրանսերենով եւ իտալերենով թողարկվում են իր ձայնասկավառակները, իսկ հյուրախաղերով նա հանդես է գալիս այն երկրներում, որտեղ կան հայկական գաղթօջախներ: «Սփյուռքահայ երիտասարդներն այսօր ավելի շատ նախընտրում են լսել հայկական երգեր: Եվ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի նրանց ներկայացնեմ ոչ միայն սիրային, այլեւ հայրենասիրական երգեր, քանի որ ազգը պահպանելու համար երգը կարեւոր դերակատարություն ունի»,- ընդգծեց ֆրանսահայ երգիչը: Մ.Յորգանցի համար ցավալի է, որ Հայաստանում երգիչները փորձում են հայկական երգերի մեջ մտցնել եվրոպական եւ ամերիկյան տարրեր, ինչից, ըստ նրա, աղավաղվում է հայկական երաժշտությունը: «Հայկական երաժշտությունը պետք է հնչի միայն ու միայն հայերենով»,- նշեց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play