ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՐ «ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ ԹԱՅՄՍ»-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՆԻ<br /> ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ ԴՈՒԳԼԱՍ ՖՐԱՆՑԻՆ<br />


ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՐ «ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ ԹԱՅՄՍ»-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՌԱՑՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԽՄԲԱԳԻՐ ԴՈՒԳԼԱՍ ՖՐԱՆՑԻՆ

  • 01-05-2007 20:30:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հարութ Սասունյան «Կալիֆոռնեան կուրիեր»-ի հրատարակիչ Երբ որեւէ ընկերություն խտրական է վերաբերվում իր աշխատակցին նրա էթնիկ ծագման պատճառով, ապա խախտվում է 1964թ.-ին ընդունված Քաղաքացիական իրավունքների ակտի 7-րդ գլուխը, որն արգելում է «աշխատակիցների խտրականությունը` հիմնված նրանց ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի եւ ազգային ծագման վրա»: Փաստորեն օրենքի այսպիսի մի խախտում է տեղի ունեցել, երբ «Լոս-Անջելես թայմս»-ի գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը արգելելափակել է Հայոց Ցեղասպանության մասին մի հոդվածի հրապարակումը, գրված էր Մարկ Արաքսի կողմից (ծագումով հայ լրագրող, ով 20 տարի աշխատել է «Թայմս»-ում): 2007 ապրիլի 11-ին, Արաքսին հասցեագրված էլեկտրոնային նամակում Ֆրանցը մեղադրել է նրան, թե. «Շահերի բախում ունենալը խանգարում է ձեզ գրել Հայոց Ցեղասպանության մասին եւ մասնավորապես այդ թեմայով Կոնգրեսում ընթացող քննարկումների մասին.... Ըստ իս, Ձեր անձնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ խանգարում է Ձեզ այս հարցի մասին օբյեկտիվորեն գրելուն»: Իր խտրական գործողությունն արդարացնելու համար Ֆրանցն օգտագործել էր այն պատրվակը, որ Արաքսը եւ «Թայմս»-ի հինգ այլ լրագրողներ 2005թ.-ին համատեղ նամակ էին գրել «Թայմսին»` խմբագիրներին հիշեցնելով, որ պարբերականը չի իրականացնում Հայոց Ցեղասպանությունը «ցեղասպանություն» կոչելու իր իսկ քաղաքականությունը: Այն ժամանակ խմբագրիներն այդ նամակի հետ կապված ոչ մի խնդիր չունեցան: Ընդհակառակը, նրանք շնորհակալություն հայտնեցին հիշեցման համար բոլոր վեց լրագրողներին (որոնցից հինգը ամերիկահայեր էին, իսկ մեկը ամերիկացի հրեա) եւ խոստացան այս հարցի առնչությամբ գործել թերթի քաղաքականությանը համապատասխան: Էլ ավելի վատ է այն, որ իր էլեկտրոնային նամակում Ֆրենցը այն նամակը հանիրավի որակել է որպես «խմբական դիմում» եւ այդ կերպ մեղադրել Արաքսին Հայոց ցեղասպանության հարցում այդպիսի «մի դիրքորոշում» որդեգրելու համար: Այդպիսով նրա ասածից կարելի է եզրակացնել, թե բոլոր վեց նամակագիրները (Մարկ Արաքսը, Ռալֆ Վարդապետյանը, Ռոբին Աբգարյանը, Գրեգ Գրիրգորյանը, Չաք Ֆիլիպսը եւ Հենրի Վայնսթեյնը) քաղաքական ակտիվիստներ էին, այլ ոչ թե անկախ լրագրողներ: Արաքսին «արգելելով» գրել ցեղասպանության հարցի մասին, Ֆրանցը ինքնաբերաբար այդ մասին գրելու իրավունքից զրկել է բոլոր վեց լրագրողներին, որոնց թվում է Պուլիցերյան մի մրցանակակիր: Այլ խոսքով, Ֆրանցը արգելք էր դրել ոչ թե սոսկ մեկ մասնավոր հոդվածի եւ դրա հեղինակի առջեւ, այլեւ Հայոց Ցեղասպանության մասին այդ վեց լրագրողներից ցանկացածի կողմից հետագայում գրվելիք բոլոր հոդվածների, այդպիսով փաստորեն սահմանելով մի կարգ, որը լռեցնում էր «Թայմս»-ում աշխատող բոլոր ամերիկահայերին: Միեւնույն տրամաբանությամբ, Ֆրանցի ասածից հետեւում է, որ լատինոսներին կարգելեն գրել ապօրինի ներգաղթյալների մասին, աֆրոամերիկացի լրագրողներին կարգելեն լուսաբանել մարդու իրավունքները, ամերիկացի հրեաներին կարգելեն գրել Հոլոքոստի մասին եւ ամերիկաբնակ ասիացիներին` լուսաբանել իրենց համայնքին բնորոշ հարցերը: Ցավալիորեն, հիշյալ համատեղ նամակը Ֆրանցի կողմից որպես «խմբական դիմում» որակելը սկզբում համոզել էր «Թայմս»-ի մյուս խմբագիրներին, թե Արաքսը դրսեւորել է էթնիկ կողմնակալություն, այդպիսով շահելով նրանց աջակցությունը Արաքսի հոդվածը արգելելու վերաբերյալ իր կայացրած որոշման հարցում: Միայն օրեր անց այս խմբագիրներն իրենց նեղություն տվեցին քննել գործը եւ բացահայտեցին, որ Ֆրանցը իրենց մոլորեցրել է: «Լոս-Անջելես թայմս»-ի գլխավոր խմբագիր Ջիմ Օ' Շին անցած շաբաթ տողերիս հեղինակի հետ հանդիպման ժամանակ ասց, որ վեց լրագրողների կողմից ստորագրված նամակը բոլորվին էլ «խմբական դիմում» չէր: Իրականում նա ընդունում էր, որ նամակը պաշտպանում էր «Լոս-Անջելես թայմս»-ի գոյություն ունեցող քաղաքականությունը: Ապշեցուցիչն այն է, որ նույնիսկ ճշմարտությունը բացահայտելուց հետո, «Թայմ»-ի խմբագիրները փոխանակ վերանայեին իրենց որոշումը եւ հրապարակեին Արաքսի հոդվածը, շարունակում էին պաշտպանել Ֆրանցի գրաքննությունը եւ ծանրացնել խտրականությունը: Դրա վկայությունն է այն, որ նրանք Վաշինգտոնի իրենց թղթակից Ռիչարդ Սայմոնին նշանակել էին Արաքսի հոդվածի ենթադրական բարեփոխող: Չնայած Ֆրանցն իր ապրիլի 11-ի էլեկտրոնային նամակում Արաքսին հայտնել էր, որ կասկածներ չունի նրա «լրագրողական ունակությունների հարցում», նա այնուամենայնիվ իր գործողությունները բացատրել էր նրանով, թե իր կարծիքով Արաքսը եւ Վաշինգտոնի խմբագիր Բոբ Ուրլիանը շրջանցել էին «հոդվածները խմբագրելու հաստատված համակարգը»: Ակնհայտ է, որ սա խաբուսիկ մի մանեւր էր: Թե' Վաշինգտոնում, եւ թե' Լոս-Անջելեսում բոլոր մակարդակների խմբագիրները տեղյակ էին Արաքսի հոդվածից եւ նրանցից ոչ ոք որեւէ հարց կամ բողոք չուներ գործընթացի կամ հոդվածի բովանդակության մասին: Իրականում նույնիսկ Ֆրանցն ինքը չի նշել հոդվածի հետ կապված եւ ոչ մի փաստացի կամ կանխակալության հետ կապված խնդիր: Միակ խնդիրը, որ նա նշել էր, այն էր, որ Արաքսը մի «անձնական» դիրքորոշում էր որդեգրել Հայոց Ցեղասպանության հարցում, ինչն իբրեւ թե բերել էր նրան, որ Արաքսը «շահերի բախում էր ունեցել», ինչն էլ ենթադրվում էր, թե hայկական ժառանգության հետեւանք էր: Արաքսը անհաշիվ հետազոտական հոդվածներ էր գրել «Լոս-Անջելես թայմս»-ում իր աշխատած քսան տարիներին, այդ թվում նաեւ մի քանի հոդվածներ Հայոց Ցեղասպանության մասին, սակայն երբեք դրանցից եւ ոչ մեկը չէր «սպանվել» որեւէ խմբագրի կողմից: Սակայն դա տեղի ունեցավ, երբ հայտնվեց Ֆրանցը ` 2005թ.- նոյեմբերին Ստամբուլից ժամանելով Լոս-Անջելես եւ դառնալով թերթի պատսխանատու խմբագիրը: Արաքսի հոդվածի պաթոսը ոչ միայն Հայոց Ցեղասպանության մասին կոնգրեսական բանաձեւի հարցում հայերի եւ թուրքերի միջեւ ընդհարումն էր, այլեւ հրեական համայնքում Հայոց Ցեղասպանության նահատակների համար ցավող եւ Թուրքիայի հետ Իսրայելի ունեցած ռազմավարական դաշնակցությանը առաջնայնություն տվողների միջեւ եղած պառակտումը: Մյուս կողմից Ռիչարդ Սայմընը գրել էր մի բոլորովին այլ հոդված, որը «Թայմս»-ում հրապարակվեց ապրիլի 21-ին: Նրա հոդվածը նվիրված էր Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման շուրջ Կոնգրեսի վրա գործադրվող զանազան քաղաքական ճնշումներին եւ դրա ընդունման «անորոշ» հնարավորություններին: Սայմընի հոդվածը հրապարակելու համար Արաքսի հոդվածը ոչնչացնելու որեւէ պատճառ չկար: Երկու հոդվածներն էլ կարող էին հրապարակվել որպես նույն խնդրի շուրջ տարբեր կարծիքներ: Մի անհաջող փորձ ձեռնարկելով` հաճոյանալ Արաքսին եւ մեղմացնելՀարավային Կալիֆոռնիայի կես միլիոնանոց հայկական համայնքի զայրույթը, Արաքսի հոդվածի մի քանի պարբերություններ մտցրել էին Սայմընի հոդվածի մեջ: Տողերիս հեղինակին խմբագիրներն ասել էին, թե իրենք շփոթվել էին, երբ Արաքսը մերժել էր Սայմընսի հոդվածի տակ դնել նաեւ իր անունը: Նույնիսկ դրանից հետո, չնայած Արաքսի արդարացի բողոքներին, խմբագիրները մի ամփոփիչ արտահայտություն էին ավելացրել հոդվածի վերջում, ըստ որի Արաքսը «մասնակցել էր այդ նյութի գրմանը»: Նախորդ երկու շաբաթների ընթացքում այս գործի ուսումնասիրությունը տողերիս հեղինակին բերել է այն կարծիքին, խնդրի աղբյուրը ոչ թե Մարկ Արաքսի էթնիկ կողմնակալությունն է, այլ Դուգլաս Ֆրանցն ինքըղ Հակասության տարբեր ասպեկտներին ծանոթ անհատների հետ քննարկումներս, խորհրդակցություններս եւ հանդիպումներս «Թայմս»-ի բարձրաստիճան ղեկավարության հետ եւ Ֆրանցի նախաձեռնած վիճելի հեռախոսազրույցը, ինձ մոտ տպավորություն ձեւավորեցին, որ նա շատ անձնական դիրքորոշում ունի հայ թուրքական խնդիր հարցում, ինչն էլ մթագնել էր նրա մասնագիտական դատողությունը` ստիպելով անտեղի եւ թերեւս նաեւ ապօրինի քայլեր ձեռնարկել. 1) Մի խտրական էլեկտրոնային նամակով Ֆրանցը կեղծ մեղադրանք է ներկայացրել Մարկ Արաքսին եւ «Թայմ»-ի այլ հինգ լրագրողներին` Հայոց Ցեղասպանության մասին իբր «խմբական դիմում» ներկայացնելու համար: Այս մեղադրանքները օգտագործվել էին որպես պատրվակ` արգելելու Հայոց Ցեղասպանության մասին Արաքսի հոդվածը: 2) Հաղորդվել է, որ Ֆրանցը «Թայմս»-ի առնվազն մեկ աշխատակցի մեկնաբանել է, որ ինքն անձամբ դեմ էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսական բանաձեւին: Նա նաեւ ասել է, որ հավատացած էր, թե հայերը ապստամբել էին թուրքերի դեմ. մի փաստարկ, որ թուրք մերժողականները օգտագործում են ցեղասպանությունն արդարացնելու համար: 3) Ֆրանցը մի քանի տարի ապրել է Թուրքիայուն նախ աշխատելով «Նյու-Յորք թայմս»-ում որպես Ստամբուլի գրասենյակի ղեկավար եւ ապա «Լոս-Անջելես թայմս»-ի համար, որի ընթացքում նա հավանաբար շատ բնական բարեկամական կապեր է հաստատել թուրք անհատների եւ պաշտոնյաների հետ: 4) Հաղորդվել է, որ Լոս-Անջելեսի թուրքական գլխավոր հյուպատոսը պարծենում էր Դուգլաս Ֆրանցի հետ նրա ունեցած սերտ բարեկամական հարաբերություններով եւ հայտնում էր, որ «Թայմս»-ի հետ երբեւէ խնդիրներ ունենալիս միշտ դիմել է նրանղ 5) «Թայմս»-ի խմբագիր Ջիմ Օ' Շին տողերիս հեղինակին ասել է, որ Ֆրանցին ճանաչում էր երկար տարիներ, «Չիկագո թրիբյուն»-ում միասին աշխատած ժամանակվանից: Նրա խոսքով Ֆրանցը շատ կոշտ անձնավորություն է: 1/4արմանալի չէր, որ իր նախաձեռնած մի հեռախոսային խոսակցության ընթացքում նա շատ դյուրագրգիռ եւ կոպիտ էր: Նա կեղծ մեղադրանքներ ներկայացրեց տողերիս հեղինակին, թե իբր ես սպառնում էի իրեն, երբ իրականում ես պարզապես նրան ասացի, որ Արաքսի հոդվածի վերաբերյալ քննարկումները կարող էին վշտացնել հայ համայնքին, եթե պարզվեր, որ հոդվածը արգելվել էր լրագրողի հայկական ծագման պատճառով: 6) Ծրագրված է, որ մայիսի 12-ից 15-ը Ստամբուլում կայանալիք «Թուրքիա. կիսենք ժողովրդավարական փորձը» խորագրով կոնֆերանսի ժամանակ Ֆրանցը պետ է նախագահի քննարկումներից մեկը: Մասնակիցները պետք է քննարկեն հետեւյալ հարցը. «Կարոշղ է թուրքական փորձը ընդօրինակվել տարածաշրջանի եւ դրա սահմաններրից դուրս գտնվող այլ երկրների կողմից»: Կոնֆերանսին ելույթ ունեցողների թվում են լինելու Թուրքիայի նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը: Ֆրանցի ղեկավարած քննարկման մասնակիցներից մեկը ոչ այլ ոք է, քան ցեղասպանության տխրահռչակ մերժող Էնդրյու Մանգոն: Չնայած կոնֆերանսը ֆինանսավորում է «Մամուլի միջազգային ինստիտուտը», այն չի լուսաբանելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը, Հրանտ Դինքի նման լրագրողների բանտարկումն ու սպանությունը եւ «թրքությունը վիրավորելու» մասին դաժան օրենքը: Օ' Շին տողերիս հեղինակին ասաց, որ «Լոս-Անջելես թայմս»-ը վճարելու է Ֆրանցի ճանապարհածախսը, որպեսզի նա մասնակցի այդ կոնֆերանսին: Կվճարե՞ր արդյոք «Թայմս»-ը Ֆրանցի ուղեւորության համար, եթե նա վարեր մի քննարկում, որում կմասնակցեր Հոլոքոստի փաստի վերանայման տխրահռչակ կողմնակից Դեվիդ Իրվինգը: Արաքսը Ֆրանցի դեմ խտրականության վերաբերյալ բողոք էր ներկայացրել «Թայմս»-ին: Նա նաեւ իր քաղաքացիական իրավունքների ոտնահարման վերաբերյալ մի հայցադիմում է նախապատրաստում դաշնային դատարան: Ակնկալվում է, որ «Թայմս»-ի ղեկավարությունը այս շաբաթ որոշում կկայացնի Ֆրանցի նկատմամբ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ: «Թայմս»-ի հրատարակիչ Դեվիդ Հիլլերը եւ խմբագիր Ջիմ Օ' Շին անցած շաբաթ տողերիս հեղինակին կրկին հավաստիացրեցին, որ չեն հանդուրժելու որեւէ ղեկավարի, ով կանխակալ կլինի Հայոց Ցեղասպանության հարցում եւ բացասական վերաբերմունք կունենա ամերիկահայ աշխատակիցների նկատմամբ: Հենց որ ներքին հետաքննությունը ավարտվի, ակնկալվում է ,որ «Թայմս»-ի բարձր ղեկավարությունը կկայացնի ճիշտ որոշում, այն էՆ մի համապատասխան տարբերակ կգտնի` վերացնելու երկրի ամենամեծ պարբերականներից մեկում Դուգլաս Ֆրանցի ստեղծած թշնամական աշխատանքային մթնոլորտը: Դժվար է պատկերացնել, թե Ֆրանցն ինչպես կկարողանա շարունակել աշխատել մի թերթում, որը տպվում է մի համայնքում, ուր ապրում է ավելի քան կես միլիոն հայ, հաշվի առնելով ամերիկահայ գործընկերների նկատմամբ իր անբարյաէակամ գործողությունները եւ Հայոց Ցեղասպանության հարցում նրա բացասական հայացքները: Ամերիկահայ համայնքը բարձր է գնահատում իր այն առանձնահատուկ հարաբերությունները, որը վերջին ամիսներին ձեւավորվել է «Լոս-Անջելես թայմս»-ի հրատարակչի ու այլ ղեկավարների հետ: «Թայմս»-ի փոխխմբագրական էջի խմբագիր Մեթ Ուելչի գրած վերլուծական սյունակը, որը տպվել էր կիրակի օրը, ապրիլի 22-ին, Հայոց Ցեղասպանության փաստերի վերաբերյալ թերթի հաստատուն դիրքորոշման հերթական դրսեւորում էր: Ֆրանցի դրվագը նորմերի խախտում էր եւ դրան պետք է այդպես էլ վերաբերվել: Այս հարգված թերթի ղեկավար պաշտոնում նրա մշտական ներկայությունը միայն կգրգռի հայկական համայնքին եւ բոլոր նրանց, ովքեր, մտահոգվում են բոլոր աշխատակիցների հավասար իրավունքների պաշտպանությամբ անկախ նրանց ռասայական, կրոնական, սեռական եւ ազգային պատկանելիությունից,:
Նոյյան տապան  -   Վերլուծություն