ՉԵԽ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ<br />


ՉԵԽ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ

  • 05-04-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ եւ միայն մեկ համերգային ծրագրով «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 6-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան չեխ հայտնի երաժիշտներ` դիրիժոր Լեոշ Սվարովսկին եւ ջութակահար Ֆրանտիշեկ Նովոտնին: Նվագախումբը կղեկավարի Լեոշ Սվարովսկին, կհնչեն Սմետանայի «Վլատավա» սիմֆոնիկ պոեմը` «Իմ հայրենիք» շարքից, Քրոնգոլդի Ջութակի կոնցերտը եւ Դվորժակի 7-րդ սիմֆոնիան: Ինչպես ապրիլի 5-ին կայացած մամլո ասուլիսում նշեցին երաժիշտները, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերը իրենք ընդունել են միանգամից, քանի որ մինչ այդ արդեն լսել էին օրկեստրի ելույթները «Պրագայի աշուն» դասական երաժշտության փառատոնում: Չեխ երաժիշտները քաջատեղյակ են հայ դասական երաժշտությանն ու բազմիցս կատարել են հայ կոմպոզիտորների գործերը: Ջութակահար Ֆրանտիշեկ Նովոտնին ընդգծեց, որ ինքը հաճախ է կատարում Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, շատ սիրում եւ գնահատում է նրա ստեղծագործությունները. «Թերեւս չկա ջութակահար, որ այդ մեծ կոմպոզիտորի կոնցերտը կատարած չլինի»: Չեխ երաժիշտները գոհ են նվագախմբի հետ համագործակցությունից: Նրանց խոսքերով, «կոնտակտը շատ արագ ու սահուն ստացվեց», եւ իրենք համոզված են, որ հետագայում եւս կհամագործակցեն նվագախմբի հետ: Երաժիշտները թեեւ առաջին անգամ են Երեւանում, սակայն քաջատեղյակ են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play