ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

  • 21-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գոհունակություն հայտնելով հայ-ռումինական քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակից, ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրինա Ռոդիք Պրունարիուի հետ մարտի 21-ի հանդիպմանը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարեւորել է երկկողմ տնտեսական համագործակցությունը եւս ակտիվացնելու եւ այդ գործակցության շրջանականերն ընդլայնելու խնդիրը: Հունվարի 1-ից Եվրոմիությանը Ռումինիայի անդամակցության փաստը կարեւորելով, Ա.Մարգարյանը համոզվածություն է հայտնել, որ այդ կարգավիճակում Ռումինիան իր դրական մասնակցությունը կունենա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, Եվրոմիության հետ Հայաստանի համատեղ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ռումինիայի աջակցությունն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործում եւս: Իր հերթին Ք.Պրունարիուն հավաստիացրել է, որ Ռումինիան որպես ԵՄ-ի լիիրավ անդամ շահագրգռված է Հայաստանի արագ զարգացմամբ եւ իրականացվելիք բոլոր երկկողմ ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են լինելու նաեւ ԵՄ-Հայաստան կապերի հետագա խորացմանը: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են ռումինահայ համայնքի դերը երկկողմ կապերի, հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, մանավանդ որ, ըստ դեսպանի, ներկայումս Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը հենց հայ համայնքի ներկայացուցիչ է: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Ա.Մարգարյանը եւ Ք.Պրունարիուն նշել են, որ չնայած վերջին տարիներին արձանագրված ապրանքաշրջանառության աճին, այն դեռեւս հեռու է բավարար լինելուց: Նրանք արտահայտվել են տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն առավել արդյունավետորեն իրագործելու եւ փոխգործակցության խորացմանը միտված որոշակի քայլերի իրականացման օգտին: Նշվել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խթանմանն ու առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը կարող են նպաստել, մասնավորապես, երկուստեք գործարար կապերի ակտիվացումը, երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների եւ զարգացման գործակալությունների միջեւ համագործակցության հաստատումը: Այդ համատեքստում կողմերը կարեւորել են հատկապես Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը տեղի է ունեցել 2006թ.-ի հոկտեմբերին Երեւանում, իսկ հաջորդը նախատեսվում է առաջիկայում անցկացնել Ռումինիայում: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպման ավարտին Ա.Մարգարյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել Ռումինիայի նորանշանակ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play