ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ<br /> ԱՎԵԼԻ ՇԱՏ ՁԱՅՆԵՐ ՀԱՎԱՔԵԼ,- ԱՍՈՒՄ Է ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ<br />


ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ
ԱՎԵԼԻ ՇԱՏ ՁԱՅՆԵՐ ՀԱՎԱՔԵԼ,- ԱՍՈՒՄ Է ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԸ

  • 16-03-2007 20:57:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արվեստագետների ընդգրկվածությունը կուսակցությունների համամասնական ընտրացուցակներում պատահական չէ, քանի որ նրանց օգտագործելով կուսակցությունները փորձում են ավելի շատ ձայներ հավաքել: Այս կարծիքն արտահայտեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ նրա, եթե արվեստագետը դառնում է ինչ-որ մեկի ցանկությունների կատարողը, ապա նա «դադարում է իսկական արվեստագետ լինել»: Ե.Մանարյանը նշեց, որ ինքը որեւէ կուսակցության քարոզարշավին չի մասնակցելու, քանզի ԱԺ-ում ապագա մեծամասնությունն արդեն որոշված է: «Ես մեր խորհրդարանից ոչ մի սպասելիքներ չունեմ, որովհետեւ կարեւոր հարցերը հետագայում էլ կլուծվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում»,- ընդգծեց նա: Ե.Մանարյանը տարակուսանք հայտնեց այն փաստի առնչությամբ, որ մի քանի ամիս առաջ ստեղծված կուսակցությունն արդեն ունի 300 հազար անդամ. «Այդ ինչ գաղափարախոսություն ունեն, որ 3 միլիոն բնակչությունից 300 հազարն այդ կուսակցության անդամներ են»: Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի խոսքերով, այսօր կուսակցություններն ունեն միայն մի մտահոգություն` ինչպես անեն, որ շատ ձայներ հավաքեն: Իսկ ժողովուրդը գնում է այն կուսակցության հետեւից, որն իրեն բարեկեցիկ ապագա է խոստանում: «Մեր ժողովուրդն այսօր ենթարկվում է առօրյա խոստումների եւ մի փոքր հատուցումով մասնակցում է ընտրություններին: Իմ ցանկությունն է, որպեսզի ժողովուրդը պահպանի իր արժանապատվությունը»,- նշեց Ռ.Դավոյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play