ՀԵՌԱԽՈՍԱԳԾԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄՈՎ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎՍ 400<br /> ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԶԱՆԳԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՇԻՎՆԵՐ<br />


ՀԵՌԱԽՈՍԱԳԾԱՅԻՆ ՄԻԱՑՈՒՄՈՎ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂ ԵՎՍ 400
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՉԿԱՏԱՐՎԱԾ ԶԱՆԳԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՇԻՎՆԵՐ

  • 16-03-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հեռախոսագծային միացումով ինտերնետից օգտվող մոտ 400 բաժանորդներ «Արմենտել»-ից վերջին մի քանի ամսում ստացել են չկատարված միջազգային հեռախոսազանգերի դիմաց վճարելու հաշիվներ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը` հիշեցնելով, որ 2006թ.-ի մայիսին եւս շուրջ 400 բաժանորդների նման հաշիվներ անվավեր են ճանաչվել դատարանի որոշմամբ: Նրա խոսքերով, նման դեպքերի կրկնության պատճառն այն է, որ «Արմենտել»-ը լավ չի կազմակերպել հեռախոսագծային միացումով ինտերնետից օգտվող բաժանորդների իրազեկումը, որպեսզի նրանք կոդավորումով արգելափակեն իրենց համակարգիչը անհարկի հեռախոսային միացումներից: Նշված դեպքերն արձանագրվում են այն ժամանակ, երբ որոշ կայքէջեր մուտքից հետո միանում է միջազգային հեռախոսազանգի ծրագիրը: Նշվեց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն 8 պրովայդերների առաջարկել է ինտերնետ միացման ծառայությունների բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում, ինչպես նաեւ ծառայության դիմաց վճարման քարտերում ներառնել նշված վտանգի մասին նախազգուշացնող եւ արգելափակման եղանակը նկարագրող կետ: Ըստ Ա.Եղոյանի, «Արմինկո» ընկերությունն արդեն իսկ հայտնել է նման պատրաստակամություն, ինչպես նաեւ` մտադիր է հրատարակել համապատասխան նախազգուշացմամբ պաստառ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն իր հերթին աշխատանքներ է տանում նախազգուշացնող պաստառների տպագրման համար միջոցներ հայթայթելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն