ԳՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ<br /> 110-ԱՄՅԱԿԸ<br />


ԳՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ
110-ԱՄՅԱԿԸ

  • 13-03-2007 17:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ին լրացավ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի 110-ամյակը: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հայ մտավորականության ներկայացուցիչները, ուսանողությունն ու դպրոցականները այցելեցին մեծ բանաստեղծի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին: Հուշարձանի մոտ անցկացվեցին չարենցյան ընթերցումներ: Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը հայտնեց, որ բանաստեղծի 110-ամյակի կապակցությամբ թանգարանում կբացվի «Ժողովուրդը Չարենցին» խորագրով ցուցահանդեսը: Ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանում եւ Արցախում, իսկ Ռուսաստանի Գրողների միության նախաձեռնությամբ հայ բանաստեղծի հոբելյանը մեծ շուքով կնշվի նաեւ Ռուսաստանում: Հոբելյանի կապակցությամբ «Հայագիտակ» հրատարակչության եւ բանաստեղծի դստեր` Անահիտ Չարենցի, նախաձեռնությամբ առաջիկայում լույս կտեսնի բանաստեղծի «Հատընտիր»-ը, որում կընդգրկվեն նաեւ անտիպ գործեր: Լ.Հակոբյանը հայտնեց նաեւ, որ Չարենցի հոբելյանը մեծ հանդիսությամբ նշելու առաջարկով դիմել են ՀՀ կառավարություն, սակայն իրենց մերժել են` պատճառաբանելով, թե 110-ամյակը հոբելյանական չի համարվում: «Եթե Ուկրաինայում ամեն տարի Շեւչենկոյի ծննդյան օրը համարում են հոբելյանական, ապա ինչու մենք մեր հանճարին չենք կարող մեծարել ըստ արժանվույն»,- ասաց Լ.Հակոբյանը: Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, Չարենցն իր ստեղծագործության մեջ կարողացավ համախմբել հայ ժողովրդի անցյալը, ներկան եւ գալիքը: «Այս տարի լրանում է Չարենցի ծննդյան 110-ամյակը եւ եղերական վախճանի 70-ամյակը: 2007թ.-ը հռչակելով Չարենցյան տարի, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երիտասարդությանը վերադարձնենք գրական արժեքները, ինչպես նաեւ մեծն բանաստեղծի պոեզիան նորովի մատուցենք միջազգային հանրությանը»,- ասաց Լ.Անանյանը: Անահիտ Չարենցի խոսքերով, թեեւ բանաստեղծի կյանքը տեւեց ընդամենը 40 տարի, սակայն դա սովորական կյանք չէր, այլ մեծ բանաստեղծի «մրրկոտ 40-ամյակ», որն ընդատվեց իր արարչական գործի ճանապարհի կեսին: «Չարենցի կյանքը եղավ անանձնական նվիրում իր ժողովրդին, իր հայրենքին: Հայ Ժողովուրդը պաշտում էր բանաստեղծին, իսկ բանաստեղծը` ժողովրդին: Չարենցը հավատում էր իր ժողովրդի գալիքին: Դրանով է միշտ կենդանի Չարենցը, դրանով է նա լինելու սերունդների ուղեկիցը»,- նշեց բանաստեղծի դուստրը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play