ԳՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ<br /> 110-ԱՄԵԱԿԸ<br />


ԳՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՆՇԵՑ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ
110-ԱՄԵԱԿԸ

  • 13-03-2007 17:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ին լրացաւ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի 110-ամեակը: Ինչպէս ամէն տարի, այս տարի եւս հայ մտաւորականութեան ներկայացուցիչները, ուսանողությունն ու դպրոցականները այցելեցին մեծ բանաստեղծի յհուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցեցին նրա յիշատակին: Յուշարձանի մօտ անցկացուեցին չարենցեան ընթերցումներ: Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանը յայտնեց, որ բանաստեղծի 110-ամեակի կապակցութեամբ թանգարանում կբացուի «Ժողովուրդը Չարենցին» խորագրով ցուցահանդէսը: Ամբողջ տարուայ ընթացքում բազմաթիւ միջոցառումներ կկազմակերպուեն Հայաստանում եւ Արցախում, իսկ Ռուսաստանի Գրողների միութեան նախաձեռնութեամբ հայ բանաստեղծի յոբելեանը մեծ շուքով կնշուի նաեւ Ռուսաստանում: Յոբելեանի կապակցութեամբ «Հայագիտակ» հրատարակչութեան եւ բանաստեղծի դստեր` Անահիտ Չարենցի, նախաձեռնութեամբ առաջիկայում լոյս կտեսնի բանաստեղծի «Հատընտիր»-ը, որում կընդգրկուեն նաեւ անտիպ գործեր: Լ.Յակոբեանը յայտնեց նաեւ, որ Չարենցի յոբելեանը մեծ հանդիսութեամբ նշելու առաջարկով դիմել են ՀՀ կառավարութիւն, սակայն իրենց մերժել են` պատճառաբանելով, թէ 110-ամեակը յոբելեանական չի համարւում: «Եթէ Ուկրաինայում ամէն տարի Շեւչենկոյի ծննդեան օրը համարում են յոբելեանական, ապա ինչու մենք մեր հանճարին չենք կարող մեծարել ըստ արժանւոյն»,- ասաց Լ.Յակոբեանը: Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի խօսքերով, Չարենցն իր ստեղծագործութեան մէջ կարողացաւ համախմբել հայ ժողովրդի անցեալը, ներկան եւ գալիքը: «Այս տարի լրանում է Չարենցի ծննդեան 110-ամեակը եւ եղերական վախճանի 70-ամեակը: 2007թ.-ը հռչակելով Չարենցեան տարի, մենք պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի երիտասարդությանը վերադարձնենք գրական արժէքները, ինչպէս նաեւ մեծն բանաստեղծի պոեզիան նորովի մատուցենք միջազգային հանրութեանը»,- ասաց Լ.Անանեանը: Անահիտ Չարենցի խօսքերով, թէեւ բանաստեղծի կեանքը տեւեց ընդամէնը 40 տարի, սակայն դա սովորական կեանք չէր, այլ մեծ բանաստեղծի «մրրկոտ 40-ամեակ», որն ընդատվեց իր արարչական գործի ճանապարհի կէսին: «Չարենցի կեանքը եղավ անանձնական նուիրում իր ժողովրդին, իր հայրենքին: Հայ Ժողովուրդը պաշտում էր բանաստեղծին, իսկ բանաստեղծը` ժողովրդին: Չարենցը հաւատում էր իր ժողովրդի գալիքին: Դրանով է միշտ կենդանի Չարենցը, դրանով է նա լինելու սերունդների ուղեկիցը»,- նշեց բանաստեղծի դուստրը:
  -   Մշակոյթ