Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի բողոքը<br />


Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի բողոքը

  • 11-07-2011 14:35:59   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, հուլիսի 11-ին մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի։ Վերջինս մարտի 10-ի որոշմամբ, հետաձգել էր 20 տարի մեկ ամիս 8 օր ազատազրկման մեջ գտնվող դատապարտյալին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու հարցի քննարկումը։ 1967թ.-ին ծնված Մանուկ Սեմերջյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայում ու Հայաստանում ավազակային հարձակումներ կատարելու ժամանակ առանձնակի դաժանությամբ 4 մարդու սպանության մեղադրանքով։ Ըստ դատապարտյալի ներկայացուցիչ, փաստաբան Նարինե Ռշտունու, հանձնաժողովի որոշումը պատճառաբանված չէ, չկա նաեւ որեւէ հիմնավորում իր վստահորդին «բարձր ռիսկային» եւ «փախուստի հակում ունեցող» անձ դասակարգելու համար։ Փաստաբանը դատարանից խնդրեց բեկանել Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 6-ի որոշումը, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ին պարտավորեցնել միջգերատեսչական անկախ հանձնաժողովին միջնորդագիր ներկայացնել դատապարտյալին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելու հարցով։ ՀՀ Գլխավոր դատախազության Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ Ալեքսանդր Մուրադյանը նշեց, որ առաջին անգամն է Հայաստանի պատմության մեջ առիթ ներկայանում ցմահ ազատազրկման դատապարտված անձին վաղաժամկետ ազատ արձակելու հարցով քննարկումներ անցկացնել։ Ցմահ ազատարկման դատապարտվածների դեպքում հարցը կարող է քննարկման առարկա դառնալ 20 տարի ազատազրկում կրելուց հետո միայն։ «Մենք Կու-կլուքս-կլան չենք, մենք պարզապես ցանկանում ենք որոշում կայացնել համապատասխան միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո։ Սենք չենք մերժել, մենք պարզապես «թայմաուտ» ենք վերցրել»,- ասաց նա, ընդգծելով, որ ցմահ դատապարտվածների թվում ինքն այլ անձանց գիտե, ովքեր իրենց պահվածքով եւ կատարած հանցագործությունների բնույթով ավելի են արժանի վաղաժամկետ ազատ արձակվելու։ Ըստ դատախազության ներկայացուցչի, իրենք մտավախություն ունեն, թե պատրա՞ստ է արդյոք անձը վերադառնալ հասարակություն։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայացուցիչ Գարիկ Տիգրանյանը դատարանին հայտնեց, որ Մանուկ Սեմերջյանի մոտ մեկ անգամ գտել են «նոժովկա» տեսակի սղոց, մեկ անգամ՝ դանակի շեղբ, բջջային հեռախոս, արձանագրվել է նաեւ դեպք, երբ նա հաշմանդամ դատապարտյալ Արման Իսկանդարյանին վերջինիս ձեռնափայտով հարվածներ է հասցրել գլխին ու մարմնի տարբեր մասերին։ Դատախազ Ա.Մուրադյանը հավելեց, որ Մանուկ Սեմերջյանի խցակից, բռնցքամարտիկ Թաթուլ Միրզոյանը խնդրել էր իրեն տեղափոխել այլ խուց։ Այդուհանդերձ, Մ.Սեմերջյանը եւ ոչ մի դեպքով տույժի չէր ենթարկվել, ՔԿՀ-ի ներկայացուցչի խոսքերով, մարդասիրությունից ելնելով։ Նարինե Ռշտունին լրագրողներին հայտնեց, որ բողոքարկելու է դատարանի որոշումը Վճռաբեկ դատարան։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play