Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեի նախագծով Արտգործնախարարության<br /> պահպանման ծախսերի համար նախատեսված է 885,2 մլն դրամ<br />


Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեի նախագծով Արտգործնախարարության
պահպանման ծախսերի համար նախատեսված է 885,2 մլն դրամ

  • 05-11-2009 18:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեի նախագծով ՀՀ արտգործնախարարության ֆինանսավորումն իրականացվելու է 4 հիմնական ուղղություններով. ապարատի պահպանման ծախսեր` 855,2 մլն դրամ, ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսեր` շուրջ 4, 67 մլրդ դրամ, ԱԳՆ-ի աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պահպանման ծախսեր` 123 մլն դրամ, միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարներ` 1,07 մլրդ դրամ: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում հայտնեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ըստ նրա, ԱԳՆ-ի պահպանման 2010թ.-ի ծախսերը ձեւավորվել են 2009թ.-ի սկզբունքով: Սակայն, հաշվի առնելով դիվանագիտական երկու լրացուցիչ հաստիքների անհրաժեշտությունը, 2009թ.-ի համեմատ ծախսերն ավելացվել են շուրջ 2 մլն դրամի չափով: Նշվեց նաեւ, որ ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծրագրով նախատեսված ֆինանսավորումն ենթակա է վերանայման, ինչը պայմանավորված է դրամ/եվրո եւ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքների փոփոխությամբ: ԱԳՆ-ի խնդրանքով ներկայումս տարվում են աշխատանքներ, որոնց նպատակն է ավելացնել այս ծրագրով ֆինանսավորումն այնքան, որպեսզի արտերկրում Հայաստանի դիվանագիտական կորպուսի ամսական աշխատավարձերի չափերը համապատասխանեցվեց 2009թ-ի մակարդակին: Արտերկում 2010թ.-ին նոր դեսպանության բացման ծրագիր նախատեսված չէ: «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պահպանման ծախսերը 2009թ.-ի նկատմամբ նվազել են շուրջ 17,3 մլն դրամով, այդ թվում, գործուղումների եւ շրջագայությունների ծախսերի մասով` 14,3 մլն դրամով, կապի ծառայությունների մասով` 3 մլն դրամով: Միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների համար նախատեսված 1,07 մլրդ դրամից 832 մլն դրամն ուղղվելու է 76 միջազգային կազմակերպություններին անդամավճարների գծով ընթացիկ պարտավորությունների կատարմանը, իսկ 239 մլն դրամը` նախորդ տարիներին կուտակված պարտքերի մարմանը: Ինչպես հայտնեց Պ.Սաֆարյանը, 5-6 տարի առաջ Հայաստանի արտաքին պարտավորություններն անհամեմատ ավելի մեծ էին եւ 19-20 մլն ԱՄՆ դոլարի էին հասնում: Այնուհետեւ միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ ԱԳՆ-ի «ինտենսիվ, արդյունավետ աշխատանքի շնորհիվ համատեղ մշակվեցին պարտավորությունների մարման ժամանակացույցեր»: Նշվեց, որ այսօրվա դրությամբ պարտավորությունների գումարը կազմում է 8,47 մլն ԱՄՆ դոլար, եւ վերակնքված ժամանակացույցի համաձայն, Հայաստանը պարտավոր է 2010թ.-ին այնքան գումար, ինչքան որ նախատեսվել է պետբյուջեի նախագծով: Բյուջեի նախագծի հիմքում դրված է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 376 ՀՀ դրամ հաշվարկային փոխարժեքը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն