Արարատ Աղասյան. «Եթե այս գիրքը կնպաստի Հայրենիք-Սփյուռք<br /> կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ես կհամարեմ, որ իմ<br /> առաքելությունն իրագործված է»<br />


Արարատ Աղասյան. «Եթե այս գիրքը կնպաստի Հայրենիք-Սփյուռք
կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ես կհամարեմ, որ իմ
առաքելությունն իրագործված է»

  • 28-09-2009 12:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Եթե նույնիսկ Նյու Յորք նկարեմ, Երեւան կստացվի, եթե ամերիկացի նկարեմ, հայ կստացվի»: Այս տողերի հեղինակն ամերիկահայ անվանի նկարիչ Քաջազն է (Քաջազունի Քեչեջյան 1924-2004), որի կյանքին ու ստեղծագործությանն ավելի մանրամասն հնարավոր է դարձել ծանոթանալ ի շնորհիվ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավորր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հեղինակած «Քաջազի մշտավառ կանթեղը» գրքի: Գիրքը ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի սփյուռքի բաժնի կողմից հրատարակվող «Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի պատմության» մատենաշարի առաջին հատորն է: «Ցավոք, Գաջազը ոչ բոլորին է հայտնի»,- Երեւանում տեղի ունեցած գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ըստ որի, այդ առումով «Մեր Մեծերը» ծրագիրը նպատակ ունի սփյուռքի մեծություններին ճանաչելի դարձնել Հայաստնում, իսկ հայաստանցիներին` Սփյուռքում: «Այս կերպ սփյուռքի կերպարվեստը` ուսումնասիրվելով ու տպագրվելով, կբերվի Հայաստան»,- ասաց նախարարը: Գիրքը բաղկացած է երկու գլուխներից, որոնցից առաջինը նվիրված է նկարչի կենսագրությանը, երկրորդը` բուն ստեղծագործական կյանքին, արվեստին: Բացի մանրամասն մատենագրությունից, այն ընդգրկում է նաեւ 64 գունավոր վերատպում Քաջազի գործերից: 1978-ին Քաջազի ընտանիքը թողնում է հայրենիքը: Քանի որ Քաջազի ստեղծագործություններում մշտապես առկա էին Հայոց ցեղասպանության եւ բիբլիական թեմաները, պարզ է, թե ինչ արձագանքներ պետք է ունենար դա Խորհրդային Միությունում: «Նա երազում էր, որ Հայաստանում գնահատեին իրեն. դժբախտաբար, ժամանակներն այլ էին, թեպետ գնահատողները գնահատեցին»,- ասաց Քաջազի այրի տիկին Սաթենիկը: Թեեւ 2003-ին Հայաստանում հրատարակվում է արվեստագետի ստեղծագործությունների պատկերագիրքը, նրա այրին ավելի կարեւորում է հենց այս գիրքը: «Քաջազը չկա, բայց նրա երազն այսօր իրականացավ: Այս գրքում իր կյանքն է, իր ունեցած-չունեցածն է, իր արվեստն է»,- ասաց տիկին Սաթենիկը: Ինչպես նշեց գրքի հեղինակ Արարատ Աղասյանը, միգուցե առանձին այս գիրքի ներդրումը փոքր կլինի, բայց քանի որ սա «Ակնարկներ սփյուռքահայ կերպարվեստի» մատենաշարի առաջին գիրքն է, ապա «արվեստի տարբեր ճյուղերին նվիրված այդ մատենաշարի ամբողջական հրատարակումը մեծապես կնպաստի, որպեսզի հայաստանցի ընթերցողը, ինչպես նաեւ տարբեր երկրներում բնակվող եւ հաճախ միմյանց մշակութային կյանքից անտեղյակ սփյուռքահայ զանգվածները կճանաչեն մեր այն արվեստագետներին, որոնք հանգամանքների բերումով ապրել են օտարության մեջ, բայց, այնուամենայնիվ, մնացել են հայ իրենց արվեստով, իրենց մտածողությամբ, կամ պարզապես լինելով ծագումով հայ»: Արարատ Աղասյանը համոզված է, որ ի վերջո արվեստն է ստանձնելու հայ ազգը համախմբելու դժվար գործը: Ըստ նրա, արվեստն այն ոլորտն է, որը թարգմանչի կարիք չունի. արվեստի լեզուն բոլորին է հասկանալի, եւ դա կմերձեցնի հայությանը. «Եթե այս գիրքը կնպաստի Հայրենիք-Սփյուռք կապերի հաստատմանն ու ամրապնդմանը, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն իրագործված է»,- ասաց նա: Քաջազի 85-ամյակին նվիրված գիրքը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում 600 օրինակ տպաքանակով հայերեն եւ անգլերեն տարբերակներով: Անգլերեն թարգմանությունը կատարել է գիտնական, կենսաքիմիկոս, Հայաստանի ազգային ակադեմիայի առաջին պատվավոր անդամ Արիս Սեւակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play