Հրանտ Վարդանյան. «Մեր կոլեկտիվի բոլոր անդամները ամեն օր մոմ<br /> են վառում, թե երբ պետք է հայ-թուրքական սահմանը բացվի»<br />


Հրանտ Վարդանյան. «Մեր կոլեկտիվի բոլոր անդամները ամեն օր մոմ
են վառում, թե երբ պետք է հայ-թուրքական սահմանը բացվի»

  • 25-09-2009 21:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այս տարի աճեցված խաղողի ողջ բերքը պետք է մթերվի: Այսպիսի եզրակացության են եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արմավիրի մարզպետարանում սեպտեմբերի 25-ին անցկացված խորհրդակցության մասնակիցները: Ինչպես լրագրողներին հայտնեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, խորհրդակցության հիմնական թեման խաղողի մթերումն էր, մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են այսօր գոյություն ունեցող խնդիրներն ու պայմանները, արձանագրվել է, որ պարտավորություններ ակնկալվում են ոչ միայն մթերող կազմակերպություններից կամ պետությունից, այլեւ գյուղացիներից, որոնք պետք է որակյալ արտադրանք հանձնեն մթերող կազմակերպություններին: Նախարարը նշեց, որ մթերումներն արդեն սկսվել են եւ լուրջ խնդիրներ չկան, չնայած կան դեպքեր, երբ գյուղացիները փորձել են անորակ խաղող տրամադրել մթերողներին: «Ինչպես ողջ տարվա ընթացքում չենք ունեցել գյուղմթերքների մթերման հետ կապված խնդիրներ, խաղողի հետ կապված էլ չենք ունենա»,- ասաց Արմեն Գեւորգյանը: Ըստ նրա, խորհրդակցությանը նշվել է, որ խաղողի մթերման միջին գներ հայտարարելը սխալ է` խորհրդակցություններում չպետք է որոշվի այդ գինը, յուրաքանչյուր տարածաշրջանում կոնկրետ գներ են լինելու եւ արդեն արտադրողները պատրաստ են այդ գները հայտարարելու: «Գործընթացը սոցիալակա՞ն է, թե տնտեսական» հարցին ի պատասխան նախարարը նշեց` առաջին հերթին` տնտեսական: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ այս տարի խաղող կմթերեն մոտ 30 կազմակերպություններ, մթերման գինը խաղողի 1կգ-ի դիմաց 100-130 դրամ է, այս տարի սպասվում է, որ կմթերվի 200-205 հազար տոննա խաղող` անցյալ տարվաել 185 հազար տոննայի փոխարեն: Խաղողի 60-70 տոկոսը, ըստ նախարարի, կծառայի որպես գինեհումք, 40-45 հազար տոննան` որպես սեղանի խաղող, եւս 2-3 հազար տոննայի չափով խաղող նախատեսվում է արտահանել: Մինչ խորհրդակցությունը ՀՀ նախագահը այցելեց խաղող մթերող մի շարք ընկերություններ: Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղը, ըստ Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի, մթերելու է 32 հազար տոննա խաղող Արարատյան դաշտավայրում` Այգեվանում եւ Արմավիրում 130 դրամով կգ-ի դիմաց, իսկ Տավուշում` 120 դրամով: Գլխավոր տնօրենը նշեց, որ գործարանում արտադրության կրճատումը կազմել է մոտավորապես 36 տոկոս (ամբողջ երկրում կրճատումը կազմում է 55 տոկոսից ավելի), ոչ մի աշխատատեղ չի կրճատվել, իսկ աշխատավարձերն աճել են 3,5-7,5 տոկոսով, միջին աշխատավարձը գործարանում կազմում է 201 հազար դրամ: Մասնաճյուղի բակում հավաքվել էր գյուղացիների մեծ խումբ, ովքեր բողոքում էին այլ մթերող կազմակերպություններից, որոնք չեն ընդունում պայմանագրում նշված քանակից ավելի խաղող, ինչպես նաեւ դժգոհում էին մթերման ցածր գնից` 90 դրամ 1 կգ խաղողի դիմաց: «Մասիս Տոբակո» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը նշեց, որ ճգնաժամը լավացրել է իրենց վիճակը, իրենք ավելի շատ աշխատեղեր ունեցան: Ըստ նրա, Հայաստանի նման փոքր երկրների համար ճգնաժամը շատ չի խանգարի: «Մեր կոլեկտիվի բոլոր անդամները ամեն օր մոմ են վառում, թե երբ պետք է հայ-թուրքական սահմանը բացվի, ձեռք բերենք մեծ շուկա, մեր գործը բավականին կլավանա»,- ասաց նա: «Հայաստանի օրենքները տեղական արտադրողին չե՞ն պաշտպանում» հարցադրմանն ի պատասխան Հ.Վարդանյանը հույս հայտնեց, որ իշխանությունները այդ հարցին կանդրադառնան: Ըստ նրա, վաղուց անհրաժեշտություն կա փոխելու, ճշտելու, վերանայելու արտահանման-ներմուծման մաքսային ամբողջ համակարգը: Ընկերությունում ծխախոտի հումքի մթերման միջին գինը 73 դրամ է 1 կգ-ի համար, այս տարի նախատեսված է ընդունել 10 հազար տոննա: Մթերման ծավալը անցյալ տարվա համեմատ կրկնակի աճել է, իսկ հաջորդ տարի այն կաճի 40 տոկոսով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play