Մինսկում նշել են Հայաստանի Հանրապետության Անկախության օրը<br />


Մինսկում նշել են Հայաստանի Հանրապետության Անկախության օրը

  • 22-09-2009 19:25:00   | Բելոռուս  |  Մշակույթ
ՄԻՆՍԿ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 17-ին Մինսկի Երաժշտության ակադեմիայի համերգասրահում կայացել է համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Այն գործընկեր բուհերի` Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիայի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական նախագիծն էր: Համերգը կազմակերպել է Բելոռուսիայի պետական երաժշտականւ ակադեմիայի դոցենտ Վալտեր Մնացականովը, որը դիրիժոր է աշխատել Չելյաբինսկի եւ Սամարղանդի, Գրոզնու եւ Օմսկի թատրոններում: Այժմ Վալտեր Մնացականովը Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիայի օպերային ստուդիայի դիրիժորն է: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վկայակոչելով Բելառուսի հայերի վեբ-պորտալը, համերգը բացվել է Նինո Ռոտի կինֆիլմերի երաժշտության հիման վրա սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ֆանտազիայով, որից հետո հնչել է Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը: Այնուհետեւ ելույթ է ունեցել միջազգային մրցույթների դափնեկիր, Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիայի նվագախմբային ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Տատյանա Կորմազինովան` կատարելով Ժան-Պիեռ Ռամպալի ֆլեյտայի համար փոխադրությունը: Համերգի առաջին բաժինը փակել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» ֆլեյտայի եւ նվագախմբի համար: Մենակատարն էր միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Սոնա Բարսեղյանը: «Հերոսական բալլադը» առաջին անգամ է կատարվել Մինսկում: Բոլոր կատարումների ժամանակ հանդես է եկել Բելառուսի Հանրապետության ազգային պետական հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ նվագախումբը: Երկրորդ բաժինը սկսվել է հայ հեղինակների չորս ստեղծագործություններով` Արամ Խաչատրյան, «Տոկատա դաշնամուրի համար», Սայաթ-Նովա - Գ. Սարաջյան, «Քանի վուր ջան իմ», Կոմիտաս-Անդրեասյան, «Գարուն ա», Կոմիտաս - Գ. Սարաջյան, «Հաբրբան»: Բոլոր չորս կոմպոզիցիաները կատարել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը: Հետո հնչել են բելոռուս հեղինակների ստեղծագործություններ` Ա. Տուրենկով, «Մեղեդի», Վ. Մնացականով, «Չապլինապատում», «Թիթեռնիկ»: Կատարող` միջազգային մրցույթների դափնեկիր, Բելոռուսիայի պետական երաժշտական ակադեմիային կից Հանրապետական երաժշտական ուսումնարանի երրորդ կուրսի սովորող, կլարնետահար Կիրիլ Տելեպնեւը: Դաշնամուրի պարտիան կատարել է միջազգային մրցույթների դիպլոմանտ Իրինա Տելեպնեւան: Համերգը ավարտել են Ա. Հարությունյանի եւ Ա. Բաբաջանյանի «Կոնցերտային ռապսոդիան երկու դաշնամուրի համար», ինչպես նաեւ Կոմիտասի եւ Գ. Սարաջյանի «Վաղարշապատի պարը» Արմինե Գրիգորյան եւ Սոնա Բարսեղյան դաշնամուրային զույգի կատարմամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play